.jpg)
Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանները նիստին ներկա չէին
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված գործով դատավարությունը:
Այս դատական նիստին նրա փաստաբաններից ներկայացել էր միայն Նիկոլայ Բաղդասարյանը, իսկ Ֆրանսիացի փաստաբանները դատարան չէին ներկայացել այն պատճառաբանությամբ, որ երկրում չեն: Դատական նիստին ներկա էին բոլոր տուժողները:
Նախորդ դատական նիստին Ն. Բաղդասարյանը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել, որը մերժվել էր, այս դատական նիստին պաշտպանը հանդես եկավ ինքնաբացարկի միջնորդության լրացմամբ, ասելով, որ դատարանի՝ 3 էջից բաղկացած որոշման մեջ 2 էջը վերաբերում է իր միջնորդությանը, իսկ 1 էջը իր բովանդակությամբ տարբերվում է արված միջնորդության պահանջից:
Նա դատարանին մեղադրեց, որ դատարանը չի նշել այն նորմերը, որի մասին նշել է իր որոշման մեջ և դատարանը պետք է անդրադառնար մարդուն կալանավորելու իրավունք տվող նորմերին, այլապես անձի անձեռնմխելիության իրավունքը կորցնում է իր նշանակությունը:
Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը առարկեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ ըստ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10-ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242 Հոդվածի 3 Մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:
Նախորդող հրապարակում՝ Դատարանը Վարդան Պետրոսյանին ազատ չարձակեց
Վարդան Պետրոսյան. Ես ամբողջ կյանքում ձեզանից ներում եմ խնդրելու