Անդրանիկ Մանուկյան. Հայաստանը չի դավաճանել Ուկրաինային
05/04/2014 14:33

Անդրանիկ Մանուկյան. Հայաստանը չի դավաճանել Ուկրաինային

«Հայաստանը միշտ կողմ է քվեարկել ազգերի ինքնորոշմանը։ Մենք Լեռնային Ղարաբաղի հարց ունենք, որտեղ 1991-ի դեկտեմբերի 10-ին հանրաքվե է տեղի ունեցել անկախության հարցով։ Այդ ժամանակ անկախության օգտին քվեարկել էր մասնակիցների 99%-ը։ Այդ ժամանակվանից, արդեն 23 տարի է` Հայաստանն աշխարհին ապացուցում է որոշման օրինականությունը, քանի որ ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրությամբ ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է, այլ` նպատակ»,- Segodnya.ua-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին` ինչո՞ւ Հայաստանը չի աջակցել ՄԱԿ-ի բանաձևին՝ Ղրիմի հանրաքվեի անօրինականության վերաբերյալ, այս մասին ասել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

Ա. Մանուկյանն ասել է, որ ուկրաինական բանաձևին Հայաստանը դեմ է քվեարկել ոչ այն պատճառով, որ դեմ է Ուկրաինային. «Մեր երկիրը չի դավաճանել Ուկրաինային»:

«Ուկրաինան մեկ անգամ չէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով քվեարկել է Ադրբեջանական դիրքորոշման օգտին։ 2008-ին, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելան քննարկում էր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Բաքվի առաջարկած բանաձևը, Ուկրաինան հավանության արժանացրեց այդ փաստաթուղթը: Բայց մենք նույնիսկ բողոքի նոտա չհղեցինք Ուկրաինայի ԱԳՆ-ին»,-ասել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանը:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Կրեմլի կողմից ճնշում է եղել Երևանի վրա, Ա. Մանուկյանն ասել է, որ պետք չէ այդ հարցը կապել Ռուսաստանի հետ։

«Մենք չենք թաքցնում, որ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է։ Այո, մենք մեր ապագան տեսնում ենք նրա հետ համագործակցության մեջ, պատրաստվում ենք անդամակցել Մաքսային միությանը, սակայն այդ քվեարկությունը կապ ուներ ազգերի ինքնորոշման վերաբերյալ մեր դիրքորոշման հետ»։
 

Անդրանիկ Մանուկյան. Հայաստանը չի դավաճանել Ուկրաինային