«Քեսաբում տեղի ունեցածն ու հայերի տարհանումը հենց Թուրքիայի ձեռքի գործն է»
05/04/2014 15:20

«Քեսաբում տեղի ունեցածն ու հայերի տարհանումը հենց Թուրքիայի ձեռքի գործն է»

«Թեև Թուրքիան պաշտոնապես հերքում է, որ այդ միջադեպերին ունի անմիջական մասնակցություն, բայց կան իրական ու հավաստի փաստեր, որոնք ապացուցում են, որ Քեսաբում տեղի ունեցածն ու հայերի տարհանումը հենց Թուրքիայի ձեռքի գործն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: 

Նրա խոսքով՝ թեև անցել է արդեն 10 օր ու թվում է, թե ասելու բան այևս չկա, բայց օրեցօր ավելի հետաքրքիր ու նոր փաստեր են ի հայտ գալիս, որոնք ապացուցում են, որ թուրքական հատուկ ծառայություններն անմիջական մասնակցություն ունեն այդ գործընթացում:

«Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և՛ երեկ, և՛ երկու օր առաջ հայտարարեց, թե Թուրքիան սրտաբաց ու դռնբաց պատրաստ է ընդունել քեսաբահայությանը և, որ Մարդին քաղաքում Թուրքիան պատրաստել է նրանց համար հատուկ մի ճամբար»,- մանրամասնեց թուրքագետը՝ ընդգծելով, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հերքելով բոլոր շրջանառվող լուրերն ասել է, թե Թուրքիան ոչ մի կապ չունի այդ իրադարձությունների հետ, բայց դա այդպես չէ:

«Այլ բան քան փարիսեություն և ակնհայտ ստախոսություն անվանել դա հնարավոր չէ, քանի որ Թուրքիան մեծ շահագրգռվածություն ունի Սիրիայի հարցում և դա անհերքելի իրողություն է: Նախ բազմաթիվ անգամ թուրքական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ սիրիական հարցը դա թուրքական ներքին խնդիր է, իսկ Էրդողանը բացեիբաց հայտարարել է, որ Սիրիայի հետ պատերազմ է ընթանում»,- շեշտեց բանախոսը:

Ինչ վերաբերում է Սիրիայի հայերին, ապա նրա համոզմամբ, Թուրքիան նպատակ է հետապնդում վերացնել Հայոց ցեղասպանության ժառանգներին:

«Կոնկրետ հայերի հետ կապված Թուրքիան ունի շահագրգռվածություն և ուզում է կամ թուլացնել, կամ ոչնչացնել, կամ ստիպել ինքնատարհանվել ամենամեծ, ուժեղ, կայուն, մարտունակ ու ամենակազմակերպված հայ գաղութը: Բնականաբար Թուրքիային ձեռք չի տալիս իր կողքին ունենալ այդպիսի գաղութ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ եթե նախկինում թուրքերը չէին ասում այն մասին, որ Սիրիայում ապրող հայ համայնքը մեծ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար, ապա այսօր այդ մասին հանդես են գալիս հայտարարությամբ:

«Թուրքիայի Մեջլիսի ռազմավարական կենտրոնի ղեկավարաներից մեկն ուղղակի հայտարարեց, որ ունենալ հայկական համայնք Սիրիայում՝ նշանակում է Հայաստանի ձեռքը երկարացրած պահել Մերձավոր Արևելքի, Սիրիայի և կոնկրետ Թուրքիայի վրա»,- մեջբերեց թուրքագետը հավելելով, որ կոնկրետ Քեսաբի դեպքերի հետ կապված շատ են թուրքական գործոնի վերաբերյալ փաստերը: Նրա խոսքով՝ բազմաթիվ ականատեսների վկայությամբ, Թուրքիան ոչ միայն օժանդակում է այդ գործընթացին, այլև ունի անմիջական մասնակցություն. տրամադրում է զինուժ, օդուժ, իրականցնում է հետախուզական գործողություններ: «Քեսաբի բուն գործընթացին մասնակցել են հատուկ զինվորական ստորաբաժանումներ, որտեղ ընդգրկված են եղել ոչ միայն թուրք, այլև ադրբեջանցի ու չեչեն գրոհայիններ: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ գոյություն ունի հատուկ ջիհադականների խումբ, ովքեր իրականացրել են այդ օպերացիան: Նրանք ազգայնականների կազմակերպության ներկայացուցիչներ են, որոնք կապ ունեն նաև «Գորշ գայլեր» կազմակերպության հետ: Սոցիալական ցանցերում տեղադրված նյութերում պարզորոշ երևում է, որ նրանք հատուկ թիրախավորում են հատկապես հայերին: Հիմա արդեն պարզ է, որ Քեսաբի օպերացիան ուղղված է եղել կոնկրետ հայերի դեմ և փորձել են գրավել Քեսաբում տեղակայված ռուսական ռադիոլոկացիոն կայանը, որը տեղադրել են հենց ռուսները դեռևս 2 տարի առաջ: Բայց այն, որ թուրքական ջոկատները, զինվորականները ունեցել են նաև երկրորդական, օժանդակ նպատակ՝ դա անհերքելի իրողություն է»,- ասաց նա:

Նրա հավաստմամբ՝ տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես են թուրքերը աղոթում և բարձրաձայնում, թե մինչ իրենք պայքարում են իրենց ազատության համար, հայերը տիրանում են իրենց ունեցվածքին:

«Սա հստակ գծագրված ծրագիր է: Ջիհադականներին անվանում են նաև Էրդողանի զավակներ, ովքեր տեղի բնակչության շրջանում ճանաչված են: Կան ապացույցներ նաև, որոնք ըստ պաշտոնական տվյալների են: Թուրք պաշտոնյաները հաճախ են հայտարարել, որ գնացել են տեղանք և փորձել ուսումնասիրություններ կատարել, բայց թուրք զինվորականները արգելել են նրանց մուտք գործել կոնկրետ այն տարածքներ, որտեղից տեղաշարժ է կատարվել դեպի Քեսաբ: Կադրերից պարզ երևում է, որ տեղի բնակչությունը տարհանված է: Այդ կադրերը նկարված են սիրողական մակարդակով, բայց գաղտնի, բուն գործողությունների ժամանակ: Պարզ երևում է, որ այդ վայրում՝ Ջիվել Գյոզուում և մի շարք այլ գյուղերում պատրաստվում են ինչ-որ գաղտնի գործողություն ձեռնարկել: Տարհանել են մարդկանց, որպեսզի իրենք կարողնան տեղավորվել: Համաձայն բնակիչների տվյալների՝ այդտեղ բերվել են զրահատեխնիկաներ, զիվորական տարբեր ստորաբաժանումներ: Սա եղել է լայնամասշտաբ ռազմական օպերացիա, որը ձեռնարկել են ոչ թե սիրիական ապստամբները, այլ հենց թուրք գրոհայինները: Թուրքիան շատ լավ գիտի, թե ինչ տեղ է Քեսաբը և ովքեր են այնտեղ ապրում: Թուրքիայի մոտ միշտ էլ արթուն է պետական բնազդը, իսկ դա նշանակում է, որ նա շատ լավ գիտի իր անցյալը»,- ասաց նա:

Նախորդող հրապարակում՝ Թուրքագետ. Քեսաբցիների՝ Քեսաբ վերադարնալու հնարավորությունը կասկածելի է

 

«Քեսաբում տեղի ունեցածն ու հայերի տարհանումը հենց Թուրքիայի ձեռքի գործն է»