.jpg)
Բռնաբարության փորձի մեջ արդարացվածի դեմ վերաքննիչ բողոք է բերվել
Վերաքննիչ դատարանում քննվում է ազգությամբ եզդի, 2 անչափահաս երեխաների հայր Ալե Մամոյանի գործով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի վերաբերյալ Արագածոտնի մարզի դատախազության բերած բողոքը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Բողոք բերած անձը պահանջում է բեկանել և փոփոխել Ա. Մամոյանի դեմ կայացրած դատավճիռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Դատարանը 2013 թ. դեկտեմբերի 11-ին անմեղ է ճանաչել և արդարացրել Ա. Մամոյանին` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Ըստ Ա. Մամոյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013 թվականի հունվարի 12-ին, ժամը 01-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղակայված սննդի օբյեկտում գտնվող հյուրանոցային համարի սենյակում, ալկոհոլ օգտագործած վիճակում, Խ. Մ.-ի կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն մերժում ստանալով, կոտրված ապակու շշով հարվածել է Խ. Մ.-ի ձախ բազկի շրջանին` պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, գործադրել բռնություն, շարունակել փորձեր կատարել Խ. Մ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում Ա. Մամոյանը հանցագործությունը ավարտին չի հասցրել` Խ. Մ.-ի կողմից նրան մի կողմ հրելու և փախուստի դիմելու պատճառով:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ա. Մամոյանը իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ բնակվում է Արագածոտնի մարզում, ամուսնացած է և ունի երկու երեխա: Խ. Մ.-ին ճանաչում է 2012թ. դեկտեմբեր ամսից, այդ ժամանակ վերջինս Երևանի «Մալաթիա» շուկայում զբաղվում էր մրգի վաճառքով:
Նրա հետ ծանոթացել է շուկայում առևտուր անելիս, այնուհետև սկսել են հանդիպել, միասին զբոսնել են, գնացել են սրճարան, մտերմացել են և մինչև դեպքը, մեկ անգամ Երևանում գնացել են հյուրանոց, որտեղ սեռական հարաբերություն են ունեցել: 2013 թ. հունվարի 11-ին Երևան քաղաքի «Մալաթիա» շուկայում գտնվող սրճարանում հանդիպել է Խ.-ին, միասին սուրճ են խմել, որի ընթացքում Խ.-ն իրեն պատմել է, որ աշխատանք է փնտրում, իսկ ինքը խոստացել է օգնել նրան այդ հարցում:
Միաժամանակ ինքը Խ.-ին առաջարկել է երեկոն միասին անցկացնել և գնալ Աշտարակ քաղաք: Վերջինս համաձայնվել է, միասին դուրս են եկել սրճարանից և «տաքսի» ավտոմեքենայով եկել են Աշտարակ քաղաք, որտեղ միասին մտել են խանութ և կատարել գնումներ: Գնել են օղի, հյութեր, հավի ապխտած միս, շամպուն /մազի օճառահեղուկ/, պահպանակ, որից հետո նույն ավտոմեքենայով գնացել են Աշտարակի Էջմիածնի խճուղու վրա գտնվող հասարական սննդի օբյեկտ, որտեղ կան նաև հյուրանոցային սենյակներ: Այնտեղ իրենց դիմավորել է օբյեկտի մատուցողուհին, ում ինքը խնդրել է սենյակ տրամադրել իրենց: Վերջինս իրեն ուղեկցել է սենյակ, որից հետո ինքը դուրս է եկել սենյակից և գնացել օբյեկտի խոհանոցից բաժակներ է բերել: Սենյակում ինքը և Խ.-ն հաց են կերել, օղի են խմել և զրուցել են: Օղու մեծ մասը ինքն է խմել: Այդ ընթացքում սկզբից Խ.-ն, հետո ինքը լոգանք են ընդունել, որից հետո հյուրանոցային համարի ննջասենյակում սեռական հարաբերություն են ունեցել:
Խ.-ի հետ սեռական հարաբերությունը ունեցել են փոխադարձ համաձայնությամբ և ցանկությամբ, որի ընթացքում ինքը օգտագործել է պահպանակ: Սեռական հարաբերությունը ավարտելուց հետո ինքը պահպանակը նետել է աղբարկղը և շուրջ կես ժամ քնել է, իսկ Խ.-ն այդ ընթացքում համարի հյուրասենյակում հեռուստացույց է դիտել:
Երբ արթնացել է, Խ.-ն առաջարկել է վերադառնալ Երևան, որին ինքը դեմ է եղել ու ասել է, որ մեքենա չկա և ժամը ուշ է: Այդ հարցի շուրջ իրենք սկսել են վիճաբանել, ինքը զայրացել է, մահճակալի կողքի փոքր պահարանի վրա դրված հյութի դատարկ շիշը վերցրել և նետել է դեպի մոտակա պատը: Հարվածի հետևանքով շիշը կոտրվել է, իսկ կտորները թափվել են սենյակի հատակին: Այդ պահին Խանումը կիսամերկ վիճակում կանգնած է եղել ննջասենյակի մուտքի մոտ և իր այդ արարքից երևի թե վախեցել ու անմիջապես, կիսամերկ վիճակում դուրս է փախել հյուրանոցային համարից:
Ինքը հագնվել, սակայն առանց բաճկոնի և կոշիկների դուրս է եկել սենյակից և օբյեկտի բակում տեսել է Խ.-ին` սավանով փաթաթված վիճակում: Նրան խնդրել է վերադառնալ սենյակ: Զրուցելու ընթացքում նկատել են, թե ինչպես ոստիկանության ավտոմեքենան մոտեցել է ռեստորանային համալիրին և Խ.-ն իրեն առաջարկել է փախնել: Ինքը առանց մտածելու թողել հեռացել է, իսկ որոշ ժամանակ անց, երբ վերադարձել է ռեստորան, իմացել է, որ Խ.-ն ոստիկանության աշխատակիցները տարել են ոստիկանության բաժին: Մտածելով, որ առանձնապես որևէ վատ բան չի արել, գնացել է Աշտարակի ոստիկանության բաժին: Իրեն պահել են ոստիկանության բաժնում ու հայտնել, թե քննություն են կատարում, քանի որ ինքը իբրև ցանկացել է բռնաբարել Խ.-մին, ինչի մասին նա նաև հաղորդում է տվել:
Իրենից բացատրություն են վերցրել և ինքը պատմել է ամբողջ իրականությունն այն մասին, որ Խ.-ի հետ սեռական հարաբերություն ունեցել է նրա իսկ ցանկությամբ և նրա նկատմամբ բռնաբարության փորձ չի կատարել: Հետագայում, երբ իրեն կանչել են քննության, քննիչին նույնպես հայտնել և ցուցմունք է տվել, որ Խ.-ի նկատմամբ բռնաբարության փորձ չի կատարել, նույնիսկ Խ.-ն բազմիցս իր ներկայությամբ հաստատել է, որ իրականում նման բան չի եղել, սակայն Խ.-ի ասածը չի արձանագրվել: Այդ ընթացքում Խ.-ի հետ նորմալ շփվել են և մինչև իրեն կալանավորելը ևս մեկ անգամ Խ.-ի հետ միասին գնացել են Էջմիածնի տարածքում գտնվող հյուրանոցային համալիր, որտեղ փոխադարձ համաձայնությամբ և ցանկությամբ սեռական հարաբերություն են ունեցել:
Խ. Մ.-ն նախաքննության և դատաքննության ընթացքում հակասական ցուցմունքներ է տվել Ա. Մամոյանի կողմից իրեն մարմնական վնասվածք պառճառելու հանգամանքների վերաբերյալ, հայտնել, որ շիշը կոտրվելու հետևանքով ապակու կտորն է կպել թևին, այնուհետև պատճառաբանել, որ հնարավոր է Ալեն է անզգուշությամբ վնասել թևը: Հակասական էին Խ. Մ.-ի պաճառաբանությունները նաև տեղի ունեցած դեպքի հանգամանքների և նախաքննության ընթացքում տված իրարամերժ ցուցմունքների վերաբերյալ: