.jpg)
Գուրգեն Եղիազարյանը վարչապետի պաշտոնում նախընտրում է Հրանտ Բագրատյանին
«Այս ամենի առաջին ու վերջին մեղավորը Նախագահ Սերժ Սարգսյանն է»,- անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին` Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը և ավելացրեց. «Հրաժարականը ծանր քաղաքական իրադրության պարագայում Նախագահ Սերժ Սարգսյանի փրկիչ քայլն էր»:
Անդրադառնալով կառավարության ղեկավարի թափուր պաշտոնի հավանական թեկնածուներին՝ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ դրանցից ամենահավանականը Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է:
«Որպեսզի արևմուտք-արևելք նժարը գա հավասարակշռության՝ տեսնում եմ Վիգեն Սարգսյանի թեկնածությունը: Հավանական թեկնածու եմ համարում նաև Ռոբերտ Քոչարյանին և ինչու ոչ՝ Սեյրան Օհանյանի թեկնածությունը»,- ասաց նա:
Իսկ թե ում կցանկանար ինքը տեսնել ապագա վարչապետի պաշտոնում, ՀԱԿ անդամը պատասխանեց` Հրանտ Բագրատյանին: «Որքան էլ, որ ատեմ Սերժ Սարգսյանին՝ որպես ղեկավար, որպես մարդ, բայց այս քայլը ճիշտ էր: Երկիր էր կործանվում, որովհետև Տիգրան Սարգսյանը լավ չէր աշխատում»,- ասաց նա:
Հարցին՝ ըստ նրա` հանրապետականները տեղյա՞կ էին վարչապետի հրաժարականի մասին, Գ. Եղիազարյանը նշեց. «Իհարկե տեղյակ չէին: Հանրապետականը դա մի վարագույր է, որտեղ որոշում է կայացնում մի մարդ: Նորմալ երկրներում գոյություն ունի, այսպես կոչված, կադրային բանկ և ընտրությունը կատարավում է կադրային բանկից: Իսկ Հայաստանի կարգի երկրներում՝ ընդամենը բռնապետի ցանկություն է իրականցվում: Մենք արդեն Հայաստանում համոզվել ենք, որ ի վնաս պետության են աշխատում: Մինչ օրս ոչ մի դրական փոփոխություն չի կատարավել: Հայաստանի վարչապետի հրաժարականը Սերժ Սարգսյանին էր հարկավոր»,- ասաց նա:
Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ վարչապետի փոփոխությամբ թերևս առաջընթացները երկրում չեն բացառվում:
«Եթե վարչապետը չընտրվի` որպես ապագա քավության նոխազ, միգուցե այս երկրում ինչ-որ բան փոխվի: Վարչապետի հրաժարականով ինչ-որ բան փոխելը քիչ է: Եթե մի փոքր ճիշտ քաղաքական ռազմավարություն լինի՝ նորմալ երկիր կդառնանք»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Տիգրան Սարգսյան. Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված