.jpg)
Այսօր Մարտին Վարդազարյանի ծննդյան օրն է. «Ամենամեծ նվերս կյանքն է»
Կոմպոզիտոր, ջազմեն Մարտին Վարդազարյանն այսօր տոնում է ծննդյան 76-ամյակը: Նա արդեն հասցրել է բազում շնորհավորական հեռախոսազանգեր ստանալ աշխարհի ամենատարբեր ծայրերից: Այս մասին Life.panorama.am-ին հայտնել է ինքը՝ ջազմենը:

Նրան առաջինը շնորհավորել է ուսանողներից մեկը՝ Թեհրանից: Ամենաշատը պարոն Վարդազարյանին ուրախացրել է թոռնիկի ու ծոռնիկի կատարմամբ անգլերեն երգը՝ նվիրված իրեն: Խոսելով նվերներից՝ ջազմենն ընդգծեց, որ իր ամենաթանկ նվերը կյանքն է, ամեն բացվող օրը, իսկ ծննդյան տոնին շատ լավ նվերներ է ստացել, որոնցից որևէ մեկն առանձնացնել չի ուզում.
«Ամենամեծ նվերներս երեք թոռներս ու երեք ծոռներս են, և, իհարկե, կինս, ում հետ արդեն 53 տարի է՝ ապրում եմ»,- ժպիտով նշեց կոմպոզիտորը:

Մեր այն հարցին, թե որտեղ է Մարտին Վարդազարյանը պատրաստվում նշել ծննդյան տոնը, վերջինս կատակով պատասխանեց, որ նախընտրում է նշել տանը, քանի որ չէր ցանկանա բոլոր երևանյան ռեստորանները լցնել.
«Ծննդյանս տոնը նշելու եմ տանը, գիտեմ, որ ոչ բոլորն են, որ հնարավորություն ունեն գալու. ով կհիշի՝ թող համենա, հետս մի կում երևանյան ըմպելիք փորձի»,- հրավիրեց ջազմենը: