.jpg)
Նարինե Մկրտումյան. «Չորս տարբերակի» պիտակը մինչև հիմա էլ վրաս է
Life.panorama.am-ը զրուցել է «Չորս տարբերակ» խմբի նախկին անդամներից Նարինե Մկրտումյանի հետ՝ պարզելու՝ ինչո՞վ է այժմ զբաղված երգչուհին, արդյոք կապը պահո՞ւմ է նախկին խմբի անդամների հետ, որքա՞ն ժամանակ է հատկացնում ընտանիքին եւ որքան՝ կարիերային:
.jpg)
-«Չորս տարբերակ» խմբի ցրվելուց հետո երկար ժամանակ է անցել. երկրպագուներին հետաքրքրում է՝ հնարավո՞ր է անդամները կրկին միավորվեն:
-Չգիտես ինչու՝ խմբի ցրվելուց հետո միայն համերգների կազմակերպիչները սկսեցին նկատել «Չորս տարբերակին» և ափսոսալ, որ այլևս դաշտում չենք գործում: Իսկ երբ խումբը գործում էր, այդ ուշադրությունը նույնքան ակնհայտ չէր: Ասեմ, որ հնարավոր է՝ խմբի նախկին անդամներս միավորվենք ինչ-որ երգի, տեսահոլովակի շուրջ և այդքանով սահմանափակվենք: Բայց որպես խումբ դժվար թե աշխատանքները շարունակենք. մենք ի սկզբանե զգուշացրել էինք, որ «Չորս տարբերակը» ժամանակավոր նախագիծ է, ու ամենքս էլ անհատ երգչուհի ենք: Խումբը պահանջարկ ուներ տվյալ ժամանակահատվածում, հենց այն իրեն որպես նախագիծ սպառեց՝ դադարեց գործել:
-Այսինքն, այլևս ասելիք չունեի՞ք:
-Եկավ մի շրջան, երբ սկսեցինք նոր բան փնտրել, չգտանք ու ժամանակ կորցրեցինք: Քանի որ մեր ամեն երգ ուներ իր բացատրությունը, կապված էր խմբի անվան, բնույթի հետ, հենց այնպես սովորական երգով հանդես գալ չէինք ուզում:
.jpg)
-Կարելի՞ է եզրակացնել, որ «Չորս տարբերակի» գործունեության դադարեցման պատճառը նոր գաղափարների պակասն էր, ոչ թե՝ ֆինանսների:
-Ֆինանսների բացակայության գործոնն էլ իր դերը խաղաց: Որոշիչ էր նաև ժամանակի սղության հանգամանքը. երբ արդեն ամուսնացանք, երեխաներ ունեցանք, իրավիճակը փոխվեց: Հիմա նոր արդեն եկել է այն շրջանը, երբ երեխաները մեծ են, ու մենք կարող ենք վերադառնալ մեր գործին:
-Հիմա որտե՞ղ եք աշխատում:
-Երգում եմ երևանյան ակումբներում:
-Ձեզ համար ավելի հեշտ է հանդես գալ որպես առանձին երգչուհի, թե՞ խմբի անդամ:
-Զուտ ճանաչված լինելու առումով ավելի նպատակահարմար է հանդես գալ խմբով: Որքան էլ որպես առանձին երգչուհի հանդես գամ, ինձ ներկայացնելիս ասում են՝ «Չորս տարբերակի» Նարինեն». խմբի պիտակը մինչև հիմա էլ վրաս է:
.jpg)
- Խմբի աղջիկների հետ կապը պահու՞մ եք:
-Այո, իհարկե. չէ՞ որ մենք ի սկզբանե նախ ընկերներ ենք եղել: Ժամանակի սղության պատճառով հիմա ավելի քիչ ենք տեսնվում, բայց օր չկա, որ ինչ-որ կերպ կապ չհաստատենք իրար հետ ու չզրուցենք: Ամեն մեկս ներկա է մյուսի ընտանեկան միջոցառումներին, կամ, օրինակ, ձայնասկավառակի շնորհանդեսին: Ընդ որում, մենք, բացի ներկայանալուց, նաև օգնում ենք իրար այդ միջոցառումների ժամանակ:
-Ինքներդ էկրաններին քիչ եք երևում. ի՞նչն է պատճառը:
-Մի պահ հանդես էի գալիս «Երգ երգոց» հաղորդման շրջանակներում, ներկայացնում էի ինքնուս հեղինակների երգեր: Ծրագրին մասնակցությունս հաջողված էր, շատերից դրական արձագանքներ լսեցի, անգամ Սասուն Պասկևիչյանն ասաց, որ հավանում է կատարումներս ու առաջարկեց իր երգացանկից որևէ երգ կատարել:
-Որպես անհատ երգչուհի ո՞րն է լինելու ձեր հաջորդ աշխատանքը:
Ասեմ, որ ունեմ նոր երգ. հեղինակն Արման Անտոնյանն է, այն կոչվում է «Կյանքս կերել ես», գրվել է դեռևս երկու տարի առաջ: Երգը համապատասխանում է հայաստանյան շոուբիզնեսյան շուկայի պահանջներին, բայց ես որոշակի վերապահումներ ունեմ: Չեմ ուզում պարզապես հերթական երգ ներկայացնել, թեև ասեմ, որ այն մի քանի տեղերում արդեն հնչել է, և արձագանքները դրական են եղել: Այնուամենայնիվ, նոր երգի կամ տեսահոլովակի թողարկումը կնպաստի, որ ակումբում պահանջված լինի տվյալ գործը, հետևաբար իմ հանդեպ հետաքրքրությունն էլ կմեծանա, իսկ ավելի մեծ հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ է այդ «ռասկրուտկա» ասվածը, որը հսկայական գումարներ է պահանջում:
-Որոշ ժամանակ աշխատել եք որպես վոկալի ուսուցչուհի. կշարունակե՞ք այս գործը:
-Շատ կուզենամ շարունակել, քանի որ ասել են, որ դասավանդելն ինձ մոտ լավ է ստացվում: Հիմա Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ասպիրանտ եմ, առաջարկում են այնտեղ մնալ ու դասավանդել, տեսնենք՝ ինչպես կստացվի:
-Դուք, կարծես, այն կանանցից եք, ովքեր կարիերայի փոխարեն գերադասում են ընտանիքը:
-Փորձում եմ ընտանիքովս զբաղվելուն զուգահեռ նաև կարիերա անել: Ամեն դեպքում, այո, այս պահին, կարծես, գերադասում եմ լինել ընտանիքիս հետ. եթե, օրինակ, ես մտադիր լինեմ գնալ համերգի, բայց երեխաս լաց լինի ու խնդրի, որ իր հետ մնամ, հաստատ չեմ գնա:

-Ձեր ամուսինն ինչպե՞ս է վերաբերվում կարիերային առնչվող հարցերին:
-Ամուսինս ինձնից շատ է շահագրգռված որ երգեմ: Նա երբեմն անհանգստանում է, երբ այդ մասին հիշատակումներ չեմ անում: Երբեմն ասում եմ՝ տղաս լավ է երգում, երբ մեծանա, անպայման պետք է իր կարիերայով զբաղվի, ամուսինս ասում է. «Իսկ դու՞, քեզ ինչու՞ մոռացար»: Նրան շատ շնորհակալ եմ, որ դեմ չէ իմ՝ ակումբում երգելուն, գոնե այդ կերպ կարողանում եմ դուրս հանել լիցքերս ու փոխանցել հանդիսատեսին:
Զրույցն ամբողջությամբ՝ այստեղ: