Ոկրաինայի ՆԳ նախարար. Հայ լինել` նշանակում է պատասխանատվություն զգալ
07/04/2014 20:40

Ոկրաինայի ՆԳ նախարար. Հայ լինել` նշանակում է պատասխանատվություն զգալ

Ուկրաինայի կայացման գործում հայերը շատ կարևոր դեր են ունեցել: Այս մասին ասել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

Ըստ Ավակովի` անձնագրով նա ուկրաինացի է և հենց ուկրաինացի էլ իրեն համարում է, սակայն դա նրան չի խանգարում նաև հայ լինել: Դարեր շարունակ հայերն ապրել և ստեղծագործել են Արևմտյան Ուկրաինայում, Ղրիմում, Արևելյան Ուկրաինայում: «Դա է պատճառը, որ երբ ես ասում եմ Ուկրաինա, ուկրաինացիներ, նաև նկատի ունեմ հայեր», - ասել է նախարարը:

«Անվանի հայերը Ուկրաինայի գիտության, կառավարման և արվեստի բնագավառներում մեծ բարձունքների են հասել»,- նշել է Ավակովը:

«Այսպիսի ասացվածք կա՝ «Աստված ում շատ է սիրում, նրան ամենադժվար փորձություններին է ենթարկում»: Ըստ երևույթին, Աստված հայերին շատ է սիրում, քանի որ այս ազգը շատ լուրջ փորձությունների է ենթարկվել: Այն աղետները, որոնք Հայաստանը հաղթահարել է, ստիպել են ժողովրդին ցրվել ամբողջ Եվրոպայով մեկ: Հետևաբար, յուրաքանչյուր եվրոպական երկրում մենք գտնում ենք հայկական արմատներ, հայկական ժառանգություն: Հայերը ստեղծող ազգ են»,- ընդգծել է նախարարը:

Հայերը գալիս են ոչ թե գրավելու, այլ ստեղծելու, նշել է ՆԳ նախարարը: Ըստ նրա` հայերի այս հատկանիշը միշտ գնահատվել է, սակայն ոչ միշտ` միանգամից: «Իրենց փաստարկներում մշտապես առկա է խղճի զգացումը, ինչը բավականին կարևոր է: Երբ այս բոլոր հատկանիշները հիմնվում են բավականին բարձր մշակութային ներուժի և Աստծո կողմից տրված տաղանդների վրա, ունենում են իրենց ազդեցությունը»,- ասել է Ավակովը:

Ըստ նրա` եվրոպական վերնախավի բազմաթիվ հայ ներկայացուցիչներ միաժամանակ իրենց համարում են և՛ հայ, և՛ եվրոպացի:

Նախարարը ընդգծել է, որ ինքը հպարտ է, որ հայերը կարևոր դեր են խաղում Ուկրաինայում: «Ինձ հետ ոչ մի անգամ չի պատահել, որ Արևմտյան Ուկրաինայում ինձ ասեն՝ «Դու հայ ես, դու օտարական ես», այդպիսի բան երբեք չի եղել, ասել է նա` հավելելով, որ այլատյացություն Ուկրաինայում չկա:

Ավակովը նշել է, որ ոչ մի պատմական փաստաթղթում չի խոսվում, որ երբևէ հայերի և ուկրաինացիների միջև հակամարտություն է եղել: Ընդհակառակը, կան բազմաթիվ օրինակներ, երբ հայկական զորքերը պաշտպանել են ուկրաինական քաղաքներ և ոչ միայն:

Եզրափակելով իր խոսքը` նախարարը ընդգծել է, որ հայ լինել` նշանակում է պատասխանատվություն զգալ, լինել մի մեծ, կարևոր և պատմական երևույթի մի մաս:
 

Ոկրաինայի ՆԳ նախարար. Հայ լինել` նշանակում է պատասխանատվություն զգալ