.jpg)
«Ոռոգման ջուր կա` համակարգն է վնասված»
Արարատյան դաշտում գործող ձկնային տնտեսություններին մեղադրում են նախատեսվածից ավելի ջրօգտագործման մեջ, որի հետևանքով ոռոգման ջուրը պակասել է, շատ հողերը չեն ոռոգվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների ասոցիացիայի նախագահ Արթուր Աթոյանը պատասխանելով այս դիտարկմանը, հիշեցրեց, որ դեռևս 2010թ-ի փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ մտքերի փոխանակության ժամանակ պարզվել է, որ ոռոգման ջուր կա, սակայն ոռոգման համակարգը այնպիսի վիճակում է, որ ջուրը տեղ չի հասնում:
Բացի այդ՝ արդեն 20 ձկնային տնտեսություն փակվել է` խորքային հորերի փակման պատճառով, սակայն 567 խորքային հոր չի շահագործվում, այլ «անտերուդուզ, անտնտեսվար հոսում է»: Բանախոսի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ հենց ձկնային տնտեսությունների խորքային հորերն են փակում, իսկ «անտերուդուզ» հորերը` ոչ:
Ա. Աթոյանը փոխանցեց, որ ըստ հայտարարությունների՝ ձկնարդյունաբերական նպատակներով օգտագործվող ջուրը կպակասեցվի 1/3-ով, այդ դեպքում, բացի լիցենզավորումից հետո ձկնային տնտեսությունների հնարավոր 80 տոկոսի փակումից, կփակվի ևս 5 տոկոս ձկնային տնտեսություն: Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ են ջրահեռացման գումարներն ավելացրել մեկ խմ-ի համար 29.5 դրամով: Բանախոսը նշեց, որ այս ավելացումը նախ կբարձրացնի ձկան ինքնարժեքը տեղի և միջազգային շուկայում, նաև արտաքին շուկայում հայկական ձուկը գնային առումով մրցունակ չի լինի:
Նախորդող հրապարակում՝ «Ձկնարտադրողներից միայն պահանջում են` չեն օգնում»