Գնումների բողոքարկման խորհրդում կմեծանա ՀԿ-ների դերը
07/04/2014 20:14

Գնումների բողոքարկման խորհրդում կմեծանա ՀԿ-ների դերը

Այսօր ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը նախաձեռնել էր հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու գնումների բողոքարկման խորհդի աշխատանքներում վերջիններիս մասնակցության և արդյունավետության հարցը: Այս մասին տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից:

Դավիթ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ պետական գնումների ոլորտում մեկնարկած բարեփոխումներում առանցքային նշանակություն ունի հասարակության վստահությունը գնումների նկատմամբ և այս համատեքստում կարևոր նախապայման համարեց ՀԿ-ների ակտիվ մասնակցությունը գնումների բողոքարկման խորհրդում՝ տեղեկացնելով, որ նախարարության Գնումների աջակցման կենտրոնը տարեսկզբից ի վեր հրավերներ է ուղարկել շահագրգիռ բոլոր կազմակերպություններին: Այդուհանդերձ, հասարակական հատվածի մասնակցությունը, ինչպես նաև բողոքարկվող դեպքերը՝ թեև նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն ավելացած, դեռևս բավարար չեն:

ՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն ու առաջարկները ներկայացրին գնումների ոլորտում թերացումներն ու հնարավոր չարաշահումները բացառելու վերաբերյալ: Մի քանի ՀԿ-ներ բարձրացրին պատասխանատվության մեխանիզմ սահմանելու հարցը, երբ բողոքարկման արդյունքում հայտնաբերված խախտման դեպքում կիրառվի պատժամիջոց: Խոսվեց նաև բողոքարկման ընթացակարգերի պարզեցման ու դիմողների շրջանակի ընդլայնման անհրաժեշտության մասին:

Դավիթ Սարգսյանը լսեց ոլորտին առնչվող այլ խնդիրների մասին ևս՝ գնումների մրցույթներում տեղական արտադրողներին նախապատվություն տալուց մինչև մենաշնորհների կամ շահերի բախման հարցեր: Նա պատրաստակամություն հայտնեց քննարկել ու լուծումներ տալ բարձրացված խնդիրներին, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովում նվազագույնի հասցնել պետական մասնակցությունը՝ հօգուտ քաղհասարակության:
 

Գնումների բողոքարկման խորհրդում կմեծանա ՀԿ-ների դերը