Նասրալլահ. Սիրիայի վարչակարգը այլևս վտանգի մեջ չէ
07/04/2014 18:52

Նասրալլահ. Սիրիայի վարչակարգը այլևս վտանգի մեջ չէ

Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Սիրիայի վարչակարգը այլևս վտանգի մեջ չէ և երկրի մասնատման ռիսկն այլև անցել է: Այս մասին հայտնում է Ahram Online-ը:

«Իմ կարծիքով` վարչակարգը տապալել կամ պետությունը տապալել արտահայտություններն այլևս գոյություն չունեն: Ըստ իս` մենք անցնել ենք պառակտման վտանգը: Նրանք չեն կարող տապալել վարչակարգը, սակայն կարող են ուժերի հյուծման պատերազմ մղել»,-Al-Safir թերթին տված հարցազրույցում ասել է շարժման ղեկավարը: Նրա խոսքով` տարածաշրջանային և միջազգային դրությունը փոխվել է:

«Ես կարծում եմ, որ վարչակարգի նկատմամբ քաղաքական, տեղեկատվական ճնշումն առաջիկայում նվազելու է»,-նշել է Նասրալլահը:

Հիշեցնենք, որ շիական խմբավորման` Սիրիայի նախագահ Բաշար Ասադին օգնելու մասին հայտնի դարձավ 2013 թվականի մայիսին:

Դրանից հետո Սիրիայի բանակը զգալի հաջողություններ գրանցեց մարտադաշտում` իր վերահսկողությունը սահմանելով այն շրջանների նկատմամբ, որոնք անցել էին ընդդիմության ձեռքի տակ: Սակայն լիբանանյան խմբավորման օգնությունը անհետք չմնաց Լիբանանում: Այստեղ ժամանակ առ ժամանակ թեժ բախումներ են տեղի ունենում սուննիների և շիաների միջև, որոնք ուղեկցվում են ահաբեկչական գործողություններով:
 

Նասրալլահ. Սիրիայի վարչակարգը այլևս վտանգի մեջ չէ