.jpg)
«Ես գերու կարգավիճակում եմ հայտնվել». Դատապարտյալի նամակը
Aysor.am-ը հերթական նամակն է ստացել «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ Ռուբեն Ամատունուց, ով իր նամակով ահազանգում է, որ չի կարողանում օգտվել օրենքով սահմանված վաղաժամկետ ազատման իր իրավունքից: 27-ամյա Ռ. Ամատունին, նամակում նշել է, որ ՔԿՀ-ում ինքը գտնվում է գերու կարգավիճակում, ավելին՝ դրսևորելով պատշաճ վարքագիծ, իր պատիժը նույնիսկ փոփոխության չի ենթարկվում: «Ինձ 3 անգամ անհիմն մերժել են»,- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ նման մի նամակ մեր խմբագրությունը ստացել էր նաև մարտի 30-ին, որտեղ նա մանրամասն նկարագրել էր, որ սույնով խախտվում է ոչ միայն իր, այլև մի քանի դատապարտյալների իրավունքները:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Կոշ» ՔԿՀ մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանը նշեց, որ Ռուբեն Ամատունու դիմումը չի բավարավում, քանի որ պահանջվող նորմերին նրա հոգեվիճակը չի համապատասխանում: «Դա իր կարծիքով է, որ պատշաճ վարքագիծ է դրսևորում: Նրա հոգեբանական պատկերը չի համապատասխանում առաջ բերված պահանջներին: Մեր համապատասխան մասնագետները ուսումնասիրել են գործը և եկել են նման եզրահանգման: Համապատասխան որոշումը կազմվել է և կներկայացվի առաջիկա նիստին»,- ասաց նա:
Նշենք, որ Ռուբեն Ամատունու վաղաժամկետ ազատման վերաբերյալ հաջորդ նիստը կայանալու է ապրիլի 30-ին:
Հերթական նամակով Ամատունին խնդրում է վերականգնել արդարությունը և գոնե մեղմել պատժաչափը: «Խնդրում եմ բարձրաձայել այս մասին և իմ խնդրանքը բավարարել»,- գրված է հերթական նամակում:
Նախորդող հրապարակում՝ «Կոշի» դատապարտյալ. SOS. «Հոգեբանական ցեղասպանություն» է իրականացվում