Յուրի Վարդանյան. Կրկին ապացուցեցիք հայկական ըմբշամարտի բարձր կարգը
07/04/2014 20:02

Յուրի Վարդանյան. Կրկին ապացուցեցիք հայկական ըմբշամարտի բարձր կարգը

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին՝ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում փայլուն հաղթանակ տոնելու, Արսեն Ջուլֆալակյանին՝ արծաթե մեդալ նվաճելու, նրանց մարզիչներ Գևորգ Ալեքսանյանին և Լևոն Ջուլֆալակյանին՝ վերը նշված հաղթանակների և վերջինիս 50-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

«Բոլոր մենամարտերը գրագետ ու անպարտելի անցկացնելով՝ դուք հերթական անգամ բարձր պահեցիք մեր երկրի հեղինակությունը, ձեր շնորհիվ մեր եռագույնը մեկ անգամ ևս ծածանվեց միջազգային մրցասպարեզում՝ կրկին ապացուցելով հայկական ըմբշամարտի բարձր կարգը: Համոզված եմ, որ դուք հետագայում էլ մեզ և բոլոր երկրպագուներին կպարգևեք նոր և ավելի մեծ հաղթանակներ»,- ասված է նախարարի շնորհավորանքում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում ապրիլի 5-ին և 6-ին մրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: 98 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ Արթուր Ալեքսանյանը, ով եզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին՝ գրավելով առաջին տեղը: Ընդ որում` Արթուրը բոլոր գոտեմարտերն ավարտեց «չոր» հաշվով:

Արթուրի անձնական մարզիչն է հայրը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը: Նշենք, որ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակը նվիրել էր հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին, ով այդ օրը տոնում էր ծննդյան 50-ամյակը:
Հունահռոմեական ըմբիշներից հաջող հանդես եկավ նաև Արսեն Ջուլֆալակյանը, ով 75 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ: Ավելացնենք, որ մեր հավաքականը գրավեց 7-րդ տեղը:
 

Յուրի Վարդանյան. Կրկին ապացուցեցիք հայկական ըմբշամարտի բարձր կարգը