.jpg)
Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Բարոզուն հիշել է ադրբեջանական գազի մասին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ «Հարավային հոսքի» փոխարեն ԵՄ-ի համար առաջնահերթություն կարող է դառնալ Ադրբեջանից եկող գազամուղը, եթե Բաքուն կարողանա դիմագրավել Մոսկվայի ճնշումներին:
Եվրոպացի պաշտոնյայի հայտարարությունը արվում է շատ հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ Արևմուտք-Ռուսաստան լարվածությունը ուկրաինական ճգնաժամի պատճառով հասել է գագաթնակետին: ԵՄ-ը ցանկանում է նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը ռուսական կողմից և փորձում է դիվերսիֆիկացնել էներգետիկ հոսքերը:
Պատահական չէ, որ օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու կատարած այցի շրջանակներում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկվել է TANAP գազամուղի շինարարության ակտիվացման հարցը, որով ադրբեջանական գազը «Շահ Դենիզ» հանքավայրից Վրաստանի և Թուրքիայի տարածքով պետք է արտահանվի դեպի եվրոպական շուկա:
Տարեկան նախատեսվում է TANAP-ով արտահանել 16 միլիարդ խմ գազ, որից 6 միլիարդը Թուրքիայի ներքին շուկայի համար, իսկ 10 մլրդ-ը՝ Եվրոպայի:
Թուրքիայի վարչապետի հետ Բաքվում հանդիպման արդյունքներով կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ TANAP-ը պետք է գործարկվի մինչև 2018 թ.-ը:
Արևմուտքը ռուսական էներգետիկ (քաղաքական) կախվածությունից ձերբազատվելու համար փորձելու է ակտիվացնել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տրանսպորտային-էներգետիկ միջանցքի հնարավորությունները:
Այդ միջանցքով արդեն իսկ նավթ և գազ է արտահանվում (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարեր), իսկ մոտակա ժամանակներս ավարտին կհասցվի Կարս-Ալալքալաքի-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունը:
Տվյալ ենթակառուցվածքային նախագծերը թույլ կտան Արևմուտքին ստանալ կասպյան ավազանի նավթագազային պաշարները և նվազեցնելով ռուսական գազից եվրոպական մայրցամաքի կախվածությունը ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ՝ հատկապես հետխորհրդային տարածքում Մոսկվայի կողմից առաջ մղվող ինտեգրացիոն նախագծերը խափանելու համար:
Այսպիսով, Արևմուտքի համար կարևոր է թույլ չտալ Ադրբեջանի և Վրաստանի հայտնվելը ռուսական ազդեցության գոտում, քանի որ դա կխաթարի Ադրբեջան-Վրաստան-Թուրքիայի ռազմավարական, էներգետիկ-կոմունիկացիոն միջանցքի անխափան գործունեությունը: