Քաղաքագետ. Եթե ԱԺ նախագահը դառնա վարչապետ, կլինի հսկայական պարտություն
08/04/2014 15:23

Քաղաքագետ. Եթե ԱԺ նախագահը դառնա վարչապետ, կլինի հսկայական պարտություն

Մինչև սեպտեմբերի 3-ը Եվրամիության հետ ինտեգրման կուրս վերցրած Հայաստանը փայլուն աշխատանք էր կատարել Ասոցացման համաձայնագիրը մշակելիս, սակայն դրա թերությունն այն էր, որ թերի հաշվարկ էր կատարվել, նկատի չէր առնվել, որ յուրաքանչյուր պահի այն կարող է կանգնեցվել: Լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քննարկմանը մասնակից Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն իր հերթին ասաց, որ վերջին 4 տարվա Հայաստանի ամենաակնառու ձախողումը սեպտեմբերի 3-ն է, երբ Հայաստանը հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց:

Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղական հաջողություններին, ապա, վերլուծաբանի կարծիքով, դրանք ավելի շատ կապված են Թուրքիայի և Ադրբեջանի թույլ տված սխալների հետ:

Խոսելով արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին` քաղաքագետները միակարծիք էին, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական չի տվել Ռուսաստանի ազդեցության գործոնի ներքո: Նրանք կարծում են, որ վարչապետի հրաժարականի որոշումն ընդունվել է Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի կողմից:

«Ոչ այնքան դժվար է Տիգրան Սարգսյանին հեռացնելը, որքան` նրան փոխարինելը»,- ասաց Ռ. Կիրակոսյանը:

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ԱԺ նախագահը վարչապետ դառնա, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց կարճ. «Դա հսկայական պարտություն ու հետքայլ կլինի Հայաստանի ժողովրդավարության ու զարգացման առումով»:
 

Քաղաքագետ. Եթե ԱԺ նախագահը դառնա վարչապետ, կլինի հսկայական պարտություն