.jpg)
Իրանի Մեջլիսի պատվիրակության՝ Եվրոպա կատարելիք այցը չեղյալ է հայտարարվել
Իրանի Մեջլիսի պատվիրակության՝ Եվրոպա կատարելիք այցը չեղյալ է հայտարարվել: Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ Իրան-Եվրոպա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի ընդունած հակաիրանական բանաձևի պատճառով ԻԻՀ խորհրդարանական պատվիրակության՝ ապրիլի 16-17-ը Ստրասբուրգ կատարելիք այցը չեղյալ է հայտարարվել:
Եվրոպայի խորհրդարանական պատվիրակության նախագահ Տարիա Քրունբերգին հղած նամակում Ջալալին նշել է, որ ոչ հավաստի աղբյուրների և տեղեկատվության հիման վրա անիրական բանաձևերի հրապարակումը, Իրանի ներքին իրադարձությունների սխալ ըմբռնումն ու դիվանագիտական նորմերից հեռու քայլերը դեմ են Իրան-Եվրոպա հարաբերությունների բարելավման ոգուն:
ԵՄ արտաքին հարաբերությունների և արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի գրասենյակի խոսնակ Մայքլ Մանն էլ հայտարարել է, որ Եվրախորհրդարանը անկախ կառույց է, որի ընդունած բանաձևերը պարտադիր բնույթ չեն կրում:
Էշթոնի ներկայացուցիչը հավելել է, որ հարգում է Եվրոխորհրդարանի ընդունած որոշումը, սակայն դա չի կարող ուղղակի ազդեցություն ունենալ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցությունների վրա:
Ավելի վաղը իրանցի խորհրդարանականները հանդես էին եկել առաջարկությամբ՝ կառավարությանը կոչ անելով ընդհատել «5+1 խմբի» հետ ընթացող բանակցությունները:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Եվրախորհրդարանը վավերացրել էր 23 կետից բաղկացած հակաիրանական բովանդակությամբ բանաձևը, որտեղ նշվում է, որ Իրանում կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանում եվրոպական չափանիշերին, պահանջվում է ազատ արձակել նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ (2009թ.) ձերբակալված քաղաքական գործիչներին և վերացնել միասեռականների համար նախատեսված սահմանափակություններն ու արգելքները: