.jpg)
ԵԽ ՄԻ հանձնակատար. Գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքն անընդունելի է
Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժինեկսի տարեկան հաշվետվության ժամանակ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերջինիս հարց է ուղղել հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի վերաբերյալ.
«Հարգելի հանձնակատար, ես ձեզ նախապես գրավոր հարց էի ուղղել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի առնչությամբ։ Առ այսօր Կարմիր Խաչի ջանքերը որևէ արդյունք չեն տալիս։ Մինչդեռ, գերության յուրաքանչյուր օրը Ադրբեջանում Հակոբի կյանքին ուղղակի վտանգ է։ Ի՞նչ կարող է անել մեր Վեհաժողովը և դուք՝ որպես մարդու իրավունքների հանձնակատար, որպեսզի Ադրբեջանը հայ զինվորին վերադարձնի հայրենիք, կամ գոնե երրորդ երկիր։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ այս մարտի 4-ին Հայաստանին վերադարձված գերի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Ադրբեջանում ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական անմարդկային կտտանքների։ Սա է Ադրբեջանի ձեռագիրը»,- ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին հարցրել է հայ պատգամավորը։
Ի պատասխան հարցի, Նիլս Մուժինեկսը ասել է՝ «Անչափ կարևոր է, որ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն Կարմիր խաչի հետ համագործակցությունը։ ԵԽ անդամ երկրները ենթակա են իրենց իսկ ստորագրած միջազգային կոնվենցիաներին, Ժնևյան կոնվենցիային և պարտավոր են հարգել դրանք։ Եվ, իհարկե, որևէ մեկը իրավունք չունի անմարդկային վերաբերմունք ցուցաբերել գերիների, ռազմագերիների հանդեպ։ Ես վերջերս Ադրբեջանում էի, իհարկե, կոնկրետ այդ հարցը մենք չենք քննարկել, սակայն խոսել ենք մարդու իրավունքները հարգելու մասին ու կրկնում եմ՝ որևէ երկիր իրավունք չունի անմարդկային վերաբերմունք ցուցաբերել գերիների, ռազմագերիների հանդեպ։ Դա անընդունելի և դատապարտելի է»։
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում էր հայտնվել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Նախնական վարկածով` հայ զինծառայողը չի կողմնորոշվել տեղանքում:
Նախորդող հրապարակում՝ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը կպատասխանի Նաիրա Զոհրաբյանի հարցին