«Ներկրված գարու սերմացուն գյուղացիներին կտրամադրվի 130 դրամով»
08/04/2014 18:12

«Ներկրված գարու սերմացուն գյուղացիներին կտրամադրվի 130 դրամով»

Աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր սկսել է մարզխորհրդի նիստին մասնակցելով: Իր ելույթում նա ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013 թվականի գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին և գյուղում իրականացված պետական օժանդակման ծրագրերին:

«Բարեբախտաբար գյուղացուն սատարելու այս քաղաքականությունը տարեցտարի ավելի նյութական ու նպատակային է դառնում: Մատչելի գներով սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելուց բացի, կառավարությունը կարողանում է որոշակի ֆինանսական փոխհատուցում տալ նաև բնական աղետից տուժած համայնքներին: Սակայն ամեն ինչ իր ժամանակն ու հնարավորությունն ունի»,- ասել է նախարարի պաշտոնակատարը, հիշեցնելով, որ միայն գյուղացուն օժանդակելու չորս ծրագրով պետությունը 4,5 միլիարդ դրամով սուբսիդավորում է իրականացրել, ասել է՝ թե այդքանով թեթևացրել է գյուղացու բեռը: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից:

«Այս, և գյուղատնտեսությանն առնչվող մյուս բոլոր խնդիրները, ինչպես և նախկինում, այսօր նույնպես հանրապետության Նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վերջին նման հանձնարարականը, որ տրվել է Նախագահի կողմից, Հայաստան ներկրված գարու սերմացուն, նախատեսված 200-ի փոխարեն 130 դրամով գյուղացիներին տրամադրելու մասին է »,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրներին, նա համայնքապետերի ուշադրությունը հատուկ հրավիրել է մարզում կարտոֆիլի ցանքերի ավելացման անհրաժեշտությանը, մանավանդ, որ կարտոֆիլի իրացման խնդիրներ այսօր չկան և վաճառքի գներից էլ գյուղացիները գոհ են: Կարևորվել է նաև տեխնիկական պարկի թարմացումն ու համալրումը:

«Միայն վերջին մեկ տարվա ընթացքում ,տարբեր ծրագրերով հանրապետություն են ներկրվել և լիզինգային եղանակով գյուղացիներին տրամադրվել 200-ից ավելի տարբեր հզորության տրակտորներ: Օրերս նույն ծրագրով Հայաստան կներկրվի 10 հացահատիկահավաք կոմբայն, որից 2-ը կտրամադրվի Գեղարքունիքի մարզին»,-ասել է Սերգո Կարապետյանը:

 

«Ներկրված գարու սերմացուն գյուղացիներին կտրամադրվի 130 դրամով»