.jpg)
Այգեպատի համայնքապետ. Հույս ունենք, որ սեզոնին համայնքը ջուր կունենա
Արարատի մարզի Այգեպատ համայնքի զգալի հատվածում ոռոգման խնդիր կար. Ջուրը չէր բավարարում համայնքին լիարժեք ջրամատակարարում իրականացնելու համար: 2013 թ-ից ոռոգման խողովակաշար են անցկացնում, սակայն խնդիր է առաջացել «Գազպրոմ Արմենիայի» հետ. ոռոգման ջրի և գազի ստորգետնյան խողովակները մոտիկ են միմյանց և «Գազպրոմ Արմենիան» անվտանգության նկատառումներով պահանջել է խողովակները հեռացնել, որը և կատարվել է. խողովակները մեկ մետր հեռավորությամբ են այժմ:
Համայնքը դիմել է նաև «Գազպրոմ Արմենիային» վարձակալական հիմունքներով շահագործելու արդեն ընկերությանը պատկանող և չշահագործվող 1500 մետր խողովակաշարը օգտագործել ոռոգման նպատակով: Երկու խողովակաշարերը միացնելով` համայնքի ամբողջական ոռոգումը կապահովվի. «Գազպրոմ Արմենիայում» այժմ քննարկվում է դիմումը` սպասում են պատասխանի:
Aysor.am-ի հետ զրույցում Այգեպատի համայնքապետ Սերյոժա Պետրոսյանը հույս հայտնեց, որ խնդիրը դրական լուծում կստանա և համայնքը վերջապես ամբողջովին կոռոգվի: Ըստ նրա՝ մինչև այդ էլ ոռոգում կար, սակայն ջուրն այնքան քիչ էր, որ համայնքի բնակիչների կարիքները չէր բավարարում:
Արտաշատ ՋՕԸ-ից խնդրի վերաբերյալ փոխանցեցին, որ հարցը «Գազպրոմ Արմենիայի» հետ կարգավորվում է Արարատի մարզպետարանի միջոցով և խողովակաշարը կառուցելու են, սեզոնին Այգեպատ համայնքը ոռոգման ջուր կունենա:
Նշենք, որ 2013 թ-ի նոյեմբեր-դեկտեմբերից Արտաշատ ՋՕԸ-ն Այգեպատ համայնքի հետ համատեղ սկսել է Այգեզարդից Այգեպատ տանող 220 միլիմետրանոց ջրատարի կառուցում` 2 370 մետր երկարությամբ, որով պետք է ապահովվի համայնքի 250 -ից ավելի տնամերձերի ոռոգումը: