ՍԴ որոշումից բխող փոփոխությունների վրա աշխատող խմբի կազմը հայտնի է
09/04/2014 18:17

ՍԴ որոշումից բխող փոփոխությունների վրա աշխատող խմբի կազմը հայտնի է

Հայաստանի վարչապետի 2014թ. ապրիլի 3 թիվ 282-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից բխող անհրաժեշտ աշխատանքներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը և որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումները` հնարավորին սեղմ ժամկետում շրջանառության մեջ կդրվի համապատասխան օրենքների նախագծերի փաթեթ` այն ներկայացնելով հանրային քննարկման:

Հաշվի առնելով աշխարհում առկա արդի մարտահրավերների շրջանակներում կենսաթոշակային բարեփոխումների հրատապությունը և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումը` աշխարհի ավելի քան 50 երկրներում իրականացված և իրականացվող բարեփոխումների` բնակչության սոցիալական պաշտպանվածության առավել երաշխավորված և կայուն համակարգ ձևավորելու անհրաժեշտության վերաբերյալ` առաջարկում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ անտեղի շահարկումներից և առավելագույնս օգտակար մասնակցություն ունենալ խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագծի առարկայական քննարկումների ընթացքում:

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է.

«1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթները շտկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` մինչև 2014 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել օրենսդրական փաթեթ, որը կուտակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կներառի այն նորմերը, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ:

Աշխատանքային խումբ՝

Ա. Ասատրյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Ն. Երիցյան – ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Օրբելյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Վ. Միրումյան – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Կ. Թամազյան – ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար

Ա. Միրզախանյան – ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

Ս. Սաիյան – ՀՀ աշխատանքի և սոցիալկան հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ
 
Նախորդող հանդիպումներ՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները

ՍԴ անդամ. ՍԴ-ն չի ասել՝ պարտադիրը հակասահմանադրական է (Տեսանյութ)
 

ՍԴ որոշումից բխող փոփոխությունների վրա աշխատող խմբի կազմը հայտնի է