.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյան. Ես ներում եմ բոլորին, որովհետև հիմա գործելու պահն է
Այսօր ապրիլի 9-ն է ու ես պիտի փորձեմ չխոսել անցյալի մասին, որովհետև ապագան շատ մոտ է մեզ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում իր հավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այս ամսվա ընթացքում ժողովուրդը հասավ Կառավարության հրաժարականին ու կարևոր չէ, թե դա ում շախմատային խորամանք քայլն էր: Ես կարծում եմ, որ առանց ժողովրդի ընդվզման դա չէր լինի: Անցյալ տարի մենք միայնակ չկարողացանք վերջնագծին հասցնել տեղի ունեցողը, բայց այս անգամ քաղաքական ու քաղաքացիական ուժերով, միասնական հրապարակով մենք պետք է հասնենք իշխանությունների ամբողջական փոփոխության»,- ասաց Րաֆֆի Հովհաննսիյանն՝ ընդգծելով.
«Ես վերջնագրերով ու ժամկետներով չեմ խոսի: Բայց կասեմ, որ հիմա երկրում մենք ունենք արտակարգ իրավիճակ ու ինչ պիտի անենք, պիտի անենք ապրիլ ամսվա ընթացքում: Այսօր ապրիլի 9-ն է ու մեզ համար այն խորհրդանշական, կեղծ երդման ու մեր ամոթի օրն է: Եթե մենք թևակոխեցինք մայիս ամիսն առանց տեսական փոփոխության, կարող ենք առհասարակ մեր պատմության դասագրքերից դուրս գրել մեր մեր պետականությունը, մեր ազգային շահը, Ցեղասպանության ճանաչումն ու Հայաստանի անկախությունը: Մենք կորցնում ենք այն»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:
Նրա խոսքով՝ հիմա փորձության պահ է բոլոր ուժերի համար:
«Կարևոր չէ, թե ով ում է մեղադրել ու պիտակավորել ժամանակին, ես ներում եմ բոլորին, որովհետև գործ անելու պահն է մոտեցել: Ու ես շարունակելու եմ իմ գործով, իմ կյանքով ու մեկ-մեկ էլ իմ աղոթքով՝ թող ինձ հեգնեն, անել ամեն բան, որ հասնենք սահամնադրական պետության»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդը ևս մեկ անգամ վերահաստատեց իր այն միտքը, որ կարիք կա ոչ իշխանական ուժերի առաջնորդների հանդիպման.
«Ես պատրաստ եմ այս շրջանում հանդիպել քաղաքական ու քաղաքացիական տարատեսակ ուժերի հետ, քանի որ դա՝ միասնական հրապարակը, մեր ժողովրդի պահանջն է»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Ր. Հովհաննիսյան. Մարդիկ փախան և հյուսեցին աղոթքի մասին հեքիաթ