Թռչնարտադրողների միություն. Հայ արտադրողները ապահովում են հավկիթի շուկան
09/04/2014 20:42

Թռչնարտադրողների միություն. Հայ արտադրողները ապահովում են հավկիթի շուկան

Ապրիլի 20-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի Հարությանը տոնը կամ Զատիկը: Հայաստանում նախազատիկյան շրջանում այս հավկիթի, ձկան ու կանաչեղենի նկատմամբ պահանջարկը կտրուկ ավելանում է, որին զուգահեռ շուկայում նկատվում են արդեն ավանդական դարձած թանկացումները:

Aysor.am-ին Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը ասաց, որ այս պահին Հայաստանի թռչնարտադրողները ապահովում են ձվի պահանջարկը՝ օրական 800-850 հազար ձու, դեռ ավելցուկ ունեն, որը պահեստավորվում է. արտադրվում է շուրջ մեկ մլն-ից ավելի ձու:

Ինչ վերաբերում է նախատոնական թանկացումներին, ապա ըստ նրա, միջին և փոքր քաշի ձուն թռչնարտադրողները 1-2 դրամ էժանացրել են, թեև իրացման կետերում այդ էժանացումը առանձնապես չի արտացոլվել:

Թռչնարտադրողները դրական են գնահատում ձվի շուկայում իրավիճակը, և վստահեցնում են, որ նաև նախատոնական շրջանում կապահովեն շուկան:

Սերգեյ Ստեփանյանը խոսեց նաև ներկրվող ձվի խնդրից՝ նշելով, որ Հայաստան ձու ներկրվում է Ուկրաինայից, Բուլղարիայից և Իրանից, սակայն այս պահին դժվարություններ ունեն իրացման հետ. նախ շուկան տեղական հավկիթով ապահոված է, մարդիկ էլ ուշադիր են մակնշումներին:

Որոշ ներկրողներ, ըստ նրա, պայամնագրեր ունեին և ստիպված են ներկրում, սակայն մայրաքաղաքում այն չի վաճառվում, ձուն տեղափոխում են մարզեր, հատկապես մատնանաշեց Գյումրին, որտեղից դժգոհությւոններ կան 60-օրյա մակնշմամբ հավկիթների վերաբերյալ:

Այս պահին բանակցություններ են տարվում այս ուղղությամբ: Ս. Ստեփանյանը հաղորդեց նաև, որ Վրաստան արտահանելու դեպքում` Հայաստան են գալիս վրացի փորձագտեներ, տեղում լաբորատոր ուսումնասիրության են ենթարկում հայկական ձուն, որից հետո հավանություն են տալիս արտահանել Վրաստան կամ ոչ:

Հիշեցնենք, որ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ձվի հանրապետական միջին գինը 2014թ. մարտին 2013 թ. մարտի համեմատ աճել է 8.5%-ով, իսկ 2014 թ. փետրվարի համեմատ գրանցվել է 0.6% գնանկում:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2014 թ. մարտին փետրվարի համեմատ ձվի գինը նվազել է 4.4-0.3%-ով, 3-ում արձանագրվել է 0.1-0.9% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Մայրաքաղաքում գրանցվել է ձվի 0.2% գնաճ:

Թռչնարտադրողների միություն. Հայ արտադրողները ապահովում են հավկիթի շուկան