Արթուր Ալեքսանյան. Օլիմպիական խաղերից հետո կմտածեմ անձնական կյանքի մասին
10/04/2014 18:23

Արթուր Ալեքսանյան. Օլիմպիական խաղերից հետո կմտածեմ անձնական կյանքի մասին

Բոլորովին վերջերս Հայաստանի հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Ֆինլանդիայում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ: Արդեն եզրափակչում նրա մրցակիցը թուրք Չենկ Իլդեմն էր: Մեր մարզիկը վստահ անցկացրեց ամբողջ գոտեմարտը և 5:0 հաշվով հաղթանակ տարավ նրա նկատմամբ: Life.panorama.am-ը զրուցեց Արթուր Ալեքսանյանի հետ:

-Գործի բերումով շատ եք դրսում լինում. ընտանիքի անդամները չե՞ն բողոքում:

-Այո, տան անդամներից հիմնականում մայրիկս է, որ տարվա մեջ երևի մեկ-երկու ամիս է տեսնում ինձ, քանի որ անընդհատ հավաքների եմ մասնակցում:

-Իսկ չե՞ք վախենում, որ այդպիսով անձնական կյանքը կարող է մղվել հետին պլան:

-Ոչ, չեմ վախենում, դեռ չեմ մտածում անձնականի մասին, իմ հիմնական նպատակը սպորտային է, 2016-ի օլիմպիական խաղերից հետո նոր երևի կսկսեմ մտածել անձնական կյանքի մասին:

 

-Արտերկրում հայերը Ձեզ միշտ շատ ջերմ են ընդունում, կարծես, այս առումով բացառություն չէին նաև Ֆինլանդիայի հայերը:

-Արտերկրի հայերը բոլորն էլ հիմնականում ճանաչում են ինձ, շատ ազգասեր, սպորտասեր մարդիկ են, Ֆինլանդիայում եզրափակիչի ժամանակ երևի լսեցիք, թե ինչպես էին գոռում «Հայաստան», «Արմենիա», բոլորը ծածանում էին հայկական դրոշները: Առհասարակ, դրսի մեր երկրպագուները շատ են:

-Արտերկրի երկրպագուների հետ կապված կա՞ մի ուշագրավ դրվագ, որ տպավորվել է:

-Հենց այս վերջին մրցաշարին հայկական դրոշ չկար մեզ մոտ, տրիբունաներից մեր երկրպագուներից մեկը իր դրոշը տվեց ինձ, ես հենց դա եմ բարձրացրել:

-Իսկ Հայաստանում Ձեր հետևից «չեմպիոն» գոռու՞մ են:

-Այո, քանի որ ճանաչում են, այդպիսի դեպքեր էլ են լինում (ժպտում է):

- Գիտենք, որ հայաստանյան ընկերներին հասցնում եք կարոտել, ստացվու՞մ է նրանց հետ կապը պահել:

-Առհասարակ, ընկերներ շատ ունեմ, ընդ որում նրանց մեծ մասը սպորտի հետ կապ չունեցող մարդիկ են, իսկ կապը պահել, այո, ստացվում է:

 

-Ո՞րն է քո այժմյան առաջնային նպատակը:

-Այս տարի իմ առաջնային նպատակը Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելն է, անցյալ տարի ևս նման նպատակ ունեի, բայց արծաթ բերեցի, իսկ այս տարի կփորձեմ նպատակս իրականացնել, որովհետև, կարծում եմ, արդեն եկել է դրա ժամանակը:  

 

Արթուր Ալեքսանյան. Օլիմպիական խաղերից հետո կմտածեմ անձնական կյանքի մասին