.jpg)
«Նախագծով չի նախատեսվում անցում կառավարման խորհրդարանական համակարգին»
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակը: Այս մասին երկրի ղեկավարի հետ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սահմանադարական հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նա ասաց, որ երկրի ղեկավարին է ներկայացվել մինչ այս հանձնաժողովի կատարած աշխատանքները, նիստերի արդյունքները:
Խոսելով երկրի կառավարման ձևի մասին` Գագիկ Հարությունյանն ասաց, որ այդ հարցը նույնպես քննարկվել է հանձնաժողովի նիստերի շրջանակում.
«Բնականաբար, հանձնաժողովն այս հարցը նույնպես քննարկել է առաջին հերթին իր սահմանադրաիրավական կոնտեքստում, սակայն բոլոր հարցերի քննարկման ժամանակ սհմանադրական հանձնաժողովը հարցերը դասակարգել է ըստ խմբերի` հարցեր, որոնք զուտ սահմանադրաիրավական լուծում են պահանջում, հարցեր, որոնք քաղաքական կամ իրավաքաղաքական մոտեցում են պահանջում: Սակայն այս հարցերի վերաբերյալ հանձնաժողովում վերջնական, միասնական որոշում չդրսևորվեց, և հանձնաժողովը փորձեց այս կերպ առաջնորդվել. կա կառավարման գործող համակարգ, այս համակարգը պետք է բարեփոխվի»:
Գ. Հարությունյանը նշեց, որ քննարկել են կառավարման խորհրդարանական համակարգը, և առաջին տպավորությունն այն է, թե անցում է կատարվում խորհրդարանական համակարգին, սակայն դա այդպես չէ.
«Դա ներկայացված է որպես այլընտրանք և հանձնաժողովը իր դիրքորոշումները կհստակեցնի միայն հանրային քննարկումներ կատարելուց հետո»:
Նախագծով, կրկին ընդգծեց Գ. Հարությունյանը, չի նախատեսվում անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, նախագծով, առաջին հերթին, նախատեսվում է գործող համակարգի բարեփոխում:
«Մենք առաջարկում ենք, թե ինչպես կարելի է առկա համակարգը բարեփոխել և լուծել առկա խնդիրները, միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ կան խնդիրներ, որոնք արդյունավետ կարելի է լուծել կառավարման այլ համակարգի միջոցով: Պարզից էլ պարզ է, օրինակ, որ կան նախագահական երկրներ, որոնք չափազանց արդյունավետ կարողանում են լուծումներ գտնել և հակառակը` առաջանում են լուրջ խնդիրներ, նույնը վերաբերում է խորհրդարանական համակարգին և այլն: Կարևորը համակարգի ամբողջականության և արդյունավետ գործունեության երաշխավորումն է»,- ասաց Գ. Հարությունյանը` ավելացնելով, որ իրենք առաջարկել են քննարկել խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությունը:
Այս կերպ, շարունակեց խոսքը Գ. Հարությունյանը, որոշվել է հանրությանը ներկայացնել խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակ՝ խորհրդարանական համակարգի պայմաններում և գնահատել արձագանքը.
«Շատ կարևոր է հանրության և քաղաքական կուսակցությունների դերը, որոնց կարծիքը հայտնի կդառնա սպասվող քննարկումների արդյունքում: Սա իրավաքաղաքական հարց է, և առանց քաղաքական կուսակցությունների կարծիքի այն լուծելն աննպատակահարմար է»:
«Հանձնաժողովի համար նույնպես անսպասելի էր ՀՀ Նախագահի հայտարարությունը, թե եթե նախապատվություն տրվի, ասենք, այլընտրանքային տարբերակին, ապա Նախագահը որևէ ակնկալիք չունի` ստանձնելու վարչապետի, Նախագահի և այլ պաշտոններ: Ինչը նշանակում է, որ Նախագահը չի ցանկանում որևէ կերպ կաշկանդել հանձնաժողովի աշխատանքները և վերջնական որոշմանը»,- ասաց Գ. Հարությունյանը:
Ասուլիսին մասնակից ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն էլ արձագանքեց, որ Հանրապետության Նախագահը կողմնակիցն է գործող կառավարման համակարգին:
Ինչ վերաբերում է կոնկրետ ժամկետներին, ապա ամբողջական հայեցկարգը, Գ. Հարությունյանի խոսքով, պետք է ամբողջովին հանձնվեր ապրիլի 20-ին, սակայն այսօր տեղի ունեցած քննարկումից հետո Հանրապետության Նախագահին առաջարկվել է հանձնել այն հուլիսի 1-ին:
«Հուլիսի մեկից հետո մենք պետք է սպասենք Հանրապետության Նախագահի արձագանքին, եթե այն ընդունվի, ապա տասը ամսվա ընթացքում մենք պետք է ներկայացնենք բարեփոխմների համապատասխան փաթեթը, որը պետք է անցնի հանրային և խորհրդարանական քննարկումների»,- ասաց Գ. Հարությունյանը` նշելով, որ հայեցակարգը կիրականցվի 2015-ի վերջին 2016-ի սկզբին, քանի որ ավելի ուշ, ինչպես ասաց Գ. Հարությունյանը, անիրատեսական կլինի, քանի որ 2017-ին սպասվում են խորհրդրանական, իսկ 2018-ին` նախագահական ընտրություններ. «Այսինքն՝ գոնե մեկ տարի առաջ այդ փոփոխությունները պետք է կատարվեն»:
Նախորդող հրապարակումներ` Նախագահին ներկայացվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակը պատրաստ է