ԱՄՆ-ի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև
11/04/2014 10:28

ԱՄՆ-ի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քառորդ դարի ընթացքում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել՝ կոչ անելով սենատին և նախագահին՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությամբ աջակցել դեռևս չպատժված ցեղասպանության փաստի հաստատմանը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունվել է ձայների 12 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնությամբ քվեարկությունը տեղի է ունեցել Capitol Hill-ում՝ Հայոց ցեղասպանության քննարկմանը նվիրված ժողովում, որի ժամանակ վերջինս հայտարարել է. «Ինձ համար և, կարծում եմ, բոլորի համար կա մի հստակ փաստ. ցեղասպանությունը ցեղասպանություն է, և հնարավոր չէ դրան մեկ այլ անուն տալ, պետք է ճանաչել այն»:

Նա նշել է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, անհրաժեշտ է հարցին առավել գլոբալ մոտեցում ցուցաբերել:

«Այսօրվա քվեարկությունը հաստատել է Ամերիկայի ձգտումը` դեպի ճշմարտության հաստատում, որը Թուրքիայի՝ ցեղասպանության ժխտմանն ուղղված քարոզարշավի լուրջ խափանում է և հստակ հաղորդագրություն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ նա պետք է վերջ տա Անկարային իր վարչակազմի հանցակցությանը: Մենք շնորհակալություն ենք հայտնում Մենենդեսին, ինչպես նաև` յուրաքանչյուր սենատորի, ով քվեարկել է մարդու իրավունքի համար»,- նշել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն արդեն հասցրել է զանգահարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին: Նա նշել է, թե Թուրքիան «բացասական ակնկալիք չունի բանաձևից»:
 

ԱՄՆ-ի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև