.jpg)
Պոլիտեխնիկն ու Կազանի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցեն
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) էր այցելել Կազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են համալսարանից:
Այցելության նպատակն էր փոխշահավետ համագործակցություն սկսել Կազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի և Հայաստանի երկու խոշոր տեխնիկական բուհերի՝ ճարտարագիտական համալսարանի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) միջև: ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, խոսելով համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության ուրվագծվող ուղղությունների մասին, իր դիրքորոշումը հայտնեց ընդլայնելու Պոլիտեխնիկի միջազգային համագործակցության քարտեզը՝ ներառելով Կազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանը, և պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի աջակցել ձեռնարկին:
Հանդիպմանը մասնակիցները քննարկել են համագործակցության մի շարք ուղղություններ՝ հայ մագիստրոսների ուսուցման կազմակերպում Կազանում, ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխայցելություններ, գիտական հոդվածների հրապարակում վերոնշյալ երեք բուհերի գիտական հանդեսներում, բուհերի լաբորատոր բազայի մատչելիություն գործընկեր բուհի ուսանողների և մասնագետների համար, համատեղ պրակտիկաների կազմակերպում և այլն:Քննարկման արդյունքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը համագործակցության մեկնարկի համար:Առաջիկայում նախատեսվում է կնքել եռակողմ պայմանագիր ՀՃՊՀ-ի, ՃՇՀԱՀ-ի և Կազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի միջև՝ իրավական հիմքերի վրա դնելով հանդիման ընթացքում քննարկման առարկա հանդիսացած հարցերը: