.jpg)
Արևմուտքը փորձում է վերակենդանացնել Տրանսկասպյան գազամուղի նախագիծը
Այսօր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ իրենց համար առաջնահերթությունների շարքում է Տրանսկասպյան գազամուղի կառուցումը:
Նավթագազային խոշոր պաշարներ ունեցող Թուրքմենստանի համար կարևոր է դիվերսիֆիկացնել իր էներգակիրների արտահանման աշխարհագրությունը, այդ թվում դեպի Արևմուտք: Արևմտյան տերությունները տարիներ շարունակ լոբբիստական մեծ աշխատանքներ են իրականացնում Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերը հարթելու և Ռուսաստանը շրջանցող Տրանսկասպյան գազամուղի կյանքի կոչման համար:
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, ով երկար տարիներ Պետքարտուղարությունում զբաղվել է էներգետիկ նախագծերով, հայտարարել էր, որ ԱՄՆ-ը աջակցում է Տրանսկասպյան գազամուղի իրականացումը և ամեն ինչ կանի այդ նախագիծը կյանքի կոչելու համար:
Ռուսական գազից մեծ կախվածություն ունեցող և ուկրաինական ճգնաժամի ֆոնին էներգակիրների նոր աղբյուրներ փնտրող ԵՄ-ը նույնպես բազմաթիվ անգամ իր աջակցությունն է հայտնել Տրանսկասպյան գազամուղի իրականացմանը: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել էր, որ Եվրոպան պատրաստ է գնել թուրքմենական գազը և աջակցել Թուրքմենստանի էներգետիկ համակարգի արդիականացմանը:
Տրանսկասպյան գազամուղը, որը մաս է կազմում Բրյուսելի առաջնահերթությունների շարքին դասվող «Հարավային գազային միջանցքին», պետք է անցնի Կասպից ծովի հատակով (300 կմ) և միանա Ադրբեջանի գազամուղերին: Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ թուրքմենական գազը պետք է արտահանվի եվրոպական շուկա և դրանով դիվերսիֆիկացնի ԵՄ-ի էներգետիկ հոսքերը և այլընտրանք ստեղծի ռուսական «Գազպրոմի» կողմից ԵՄ արտահանվող գազին:
Գազամուղի իրականացմանը խանգարում էր Կասպից ծովի վերջնական կարգավիճակի հստակեցման շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև թուրքմենա-ադրբեջանական հակասությունները՝կապված Կասպից ծովում վիճելի հանքավայրերի հետ, որոնց հավակնում է Բաքուն և Աշգաբադը:
Թուրքմենա-ադրբեջանական հակասությունների հարթման ուղղությամբ ակտիվորեն աշխատում է ԱՄՆ-ը և ԵՄ-ը, որոնք ցանկանում են կյանքի կոչել Ռուսաստանի տարածքը շրջանցող նախագծեր՝նվազեցնելով Մոսկվայի աշխարհաքաղաքական ազդեցությունը հետխորհդային այդ երկրների նկատմամբ, ինչպես նաև վերահսկողության հաստատել կասպյան ավազանի(Ադրբեջան, Թուրքմենստան,Ղազախստան) էներգակիրներով հարուստ երկրներում:
Թուրքմենա-ադրբեջանական էներգետիկ-կոմունիկացիոն համագործակցությունը հետագայում կարող է ընդլայնվել նաև ի հաշիվ այլ նախագծերի:
Մասնավորապես, վերջերս Թուրքմենստանը որոշում կայացրեց Կասպից ծովի ափին նոր նավահանգստի շինարարության իրականացման վերաբերյալ: Թուրքմենբաշու միջազգային առևտրային նոր նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ, ինչպես նաև տարբեր արդյունաբերական նշանակության ապրանքների տեղափոխությամբ զբաղվող նավեր: Թուրքմենբաշիի նոր նավահանգստի ընդհանուր մակերեսը կկազմի 1 միլիոն 200.000 քմ տարածք:
Դեպի նավահանգիստ կկառուցվեն նոր ճանապարհներ և երկաթգիծ, որպեսզի նավահանգիստը ձեռք բերի տարանցման մեծ հնարավորություններ՝ դեպի Կենտրոնական Ասիայի այլ երկրներ և Չինաստան:
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 48 ամսվա ընթացքում:
Իր հերթին Ադրբեջանը, Կասպից ծովի իր ափին Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթ ավանում կառուցում է նավահանգիստ, որի շինարարությունը սկսվել է 2010 թ.-ին նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2015թ.-ը: Թուրքմենբաշու նոր նավահանգստի և Ալյաթի միջև կձևավորվի լոգիստիկ սերտ համագործակցություն:
Տարեկան նոր նավահանգիստը կկարողանա ընդունել մինչև 11.5 միլիոն տոննա բեռ, բացի այդ, Ալյաթ նավահանգիստը կապված է Ադրբեջան-Վրաստան երկագծի հետ, ինչը ենթադրում է Կասպից ծով-Սև ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ: Կարս-Ախալքալաքի-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության ավարտից հետո Հարավային Կովկասի և Կասպյան ավազանի տարածաշրջանում կձևավորվի նոր տրանսպորտային-էներգետիկ միջանցք, որը կձգվի Եվրոպայից՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքով մինչև Կենտրոնական Ասիա և Չինաստան: