Պատգամավոր. Հ. Աբրահամյանի պարագայում՝ ԲՀԿ-ն այդքան էլ սուր չի կարող լինել
14/04/2014 17:57

Պատգամավոր. Հ. Աբրահամյանի պարագայում՝ ԲՀԿ-ն այդքան էլ սուր չի կարող լինել

Այն, որ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում, անձի վերաբերյալ անակնկալ չեղավ, որովհետև Տիգրան Սարգսյանի հրաժարականի առաջին իսկ օրվանից շոշոփվել է հենց Հովիկ Աբրահամյանի անունը: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

«Մնում է` սպասենք, տեսնենք, թէ ինչ կներկայացնի այս կառավարությունը: Խնդիրը, կարծում եմ, ոչ թե անձով է պայմանավորված, այլ պետք է ամբողջական համակարգը փոփոխվի, որպեսզի ստեղծված վիճակից դուրս գանք»,- ասաց ԱԺ պատգամավորը` ավելացնելով, որ գնահատական կարելի է տալ միայն կառավարության ծրագիրն ուսումնասիրելուց, ինչպես նաև` կառավարության կազմին ծանոթանալուց հետո:

Տիգրան Սարգսյանի հրաժարականը, Ա. Արզումանյանի գնահատմամբ, կապված չէ քառյակի գործունեության և պահանջների հետ. «Ակնհայտ էր, որ ինչ-որ պահի վարչապետը պետք է զոհաբերվեր, քանի որ վերջին 6 տարվա ընթացքում կառավարությունը ոչ մի դրական առաջընթաց չէր արձանագրել:

Խոսելով հնարավոր կոալիցիայի մասին` Ա. Արզումանյանն ասաց, որ իրեն այլընտրանք հռչակելու առաջին օրվանից էլ ԲՀԿ-ն թիրախ է ունեցել կառավարությունը և վարչապետի անձը:

«Հովիկ Աբրահամյանի պարագայում ԲՀԿ-ն այդքան էլ սուր չի կարող լինել այսուհետ, քանի որ այդ ուժի համար նա ընդունելի ֆիգուր է, հետևաբար` կողմերի համար կոմպրոմիսային տարբերակ է ընտրվել: Եթե ԲՀԿ-ն մտնի կոալիցիա, արագ կվարկաբեկվի: Բայց, որ հիմա, կախված այս կամ այն քաղաքական ուժի ճաշակի հետ, տերմինների մեծ բազմազանություն կունենանք, դրանում կասկած չկա»,- ասաց Ալ. Արզումանյանը:

Եզրափակելով խոսքը` պատգամավորն ասաց, որ Հովիկ Աբրահամյանը կոմպրոմիսների պատրաստ մարդ է, և հնարավոր է, որ կուտակային կենսաթոշակների հետ կապված, կայացնի ճիշտ լուծումներ:

Պատգամավոր. Հ. Աբրահամյանի պարագայում՝ ԲՀԿ-ն այդքան էլ սուր չի կարող լինել