«Վստահ եմ, որ Ձեր վարչապետական գործունեությունը լինելու է արդյունավետ»
14/04/2014 15:48

«Վստահ եմ, որ Ձեր վարչապետական գործունեությունը լինելու է արդյունավետ»

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ուղերձում մասնավորապես, ասված է.

«Հարգարժան պրն Աբրահամյան

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՀՀ նախագահի և Հայաստանի իշխող` Հանրապետական կուսակցության կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է, որ ունեցած մեծ փորձառությունն ու քաղաքական գործչի լավ համբավը լավագույնս կարող եք ծառայեցնել Հայաստանի առջև ծառացած կենսական խնդիրների լուծմանը:

Վստահ եմ, որ Ձեր վարչապետական գործունեությունը լինելու է արդյունավետ ու արգասավոր և այն իր կարևոր սլաքներից մեկով ուղղված կմնա ի բարօրություն Արցախի: Մեր անկախության սկզբից ի վեր ՀՀ իշխանությունները սերտ գործնական ու ընկերական հարաբերություններ են պահպանում հայկական երկրորդ հանրապետության հետ և հնարավորինս աջակցում նրա զարգացմանն ու ամրապնդմանը: Լիահույս եմ, որ Դուք խորացնելու եք այդ ավանդույթը և այսուհետ Ձեր առնչություններն ու համագործակցությունը Արցախի կառավարության, իշխանության մյուս թևերի և հասարակության հետ լինելու է առավել ծավալուն ու բազմակողմանի:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություններ նոր պաշտոնում»:
  
Նախորդող հրապարակում՝ Հովիկ Աբրահամյան. Ինձ համար կարևոր էր ստանալ Վեհափառի օրհնությունը

 

«Վստահ եմ, որ Ձեր վարչապետական գործունեությունը լինելու է արդյունավետ»