.jpg)
Թուրքիայում համասեռամոլ բանտարկյալներին առանձին բանտ կհատկացվի
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ աշխատանքներ են ընթանում Թուրքիայում բանտարկյալ համասեռամոլների համար առանձին բանտ ստեղծելու համար: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
«Ըստ «Սոնդաքիքա» լրատվական կայքի` նախարարի այս հայտարարությունը հասարակական շրջանակներում քննարկման առիթ է դարձել: Որոշները կողմ են, իսկ ոմանք էլ դեմ են հանդես եկել այս նախաձեռնությանը` պնդելով, որ առանձին բանտի ստեղծումը սխալ գաղափար է, քանի որ համասեռամոլների մի մասը չի ցանկանում բացահայտել իր սեռական կողմնորոշումը:
Նախարարն ասել է, որ նախաձեռնության նպատակը սեռական այլ կողմնորոշում ունեցողների անվտանգության ապահովումն է: Թուրքիայի ԼԳԲՏ կազմակերպությունները ներկայացնող փաստաբան Ֆըրաթ Սոյլեն ասել է, որ նախարարի հայտարարությունը չունի իրավական հիմք, քանզի քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրողներն ունեն հավասար իրավունքներ:
ԼԳԲՏ կազմակերպության անդամ, ակտիվիստ Էբրու Քըրանջն էլ ասել է. «Համասեռամոլներին առանձին բանտ հատկացնելու փոխարեն, թող հացադուլ անող բանտարկյալների պայմանները բարելավեն: Բաֆրայի բանտում մարդիկ մահամերձ վիճակում են, սակայն չեն ցանկանում մեռնել»,-ասված է հրապարակման մեջ: