Հովիկ Աբրահամյան. Մենք մեր ժողովրդի թշնամին չենք
14/04/2014 14:30

Հովիկ Աբրահամյան. Մենք մեր ժողովրդի թշնամին չենք

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը ներկայացրել է նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Այնուհետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է մի քանի հարցի:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում կառավարությունում, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ժամանակ է պետք, որպեսզի առաջընթաց գրանցվի. «Հիմա իրավունք և պարտականություն եմ զգում»:

Հարցին, թե կկարողանա՞ երկիրն այս ծանր վիճակից դուրս բերել, Հ. Աբրահամյանը վստահահաբար ասել է. «Այո: Ձեզ հետ միասին»:

«Տիգրան Սարգսյանն ամեն ինչ արել է, ջանք չի խնայել, և մենք էլ ամեն ինչ անելու ենք` մեր ներուժի չափով, փորձելու ենք այսօրվա խնդիրներին լուծում տալ, առաջին խնդիրն է, որ մեր քաղաքացին արժանավայել ապրի: Ամեն ինչ անելու ենք, որ նոր կառավարության հետ, Նախագահի սատարմամբ այսօրվա խնդիրները լուծենք»,- խոստացել է վարչապետը:

Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերի հետ համագարծակցությանը և կառավարությունում նրանց ներգրավվածությանը, ապա Հովիկ Աբրահամյանն ասել է, որ լսելու է թե՛ խորհրդարանի ոչ իշխանական ուժերին, թե՛ քաղաքացիական հասարակությանը, թե՛ փոխձագիտական խմբերին և թե՛ հասարակական կազմակերպություններին:

«Նախագահը շարունակում է քննարկումները քաղաքական ուժերի հետ, եթե քաղաքական ուժերը ցանկություն ունենան մաս կազմել կոալիցիայի, ապա մենք միասին կորոշենք»,- ասել է Հ. Աբրահամյանը:

Հարցին, թե ի՞նչ է լինելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա ճակատագիրը, նորանշանակ վարչապետն ասել է, որ լսելու է բոլորի խնդիրները, մտահոգությունները, «փորձելու ենք լուծում տալ, մենք մեր ժողովրդի թշնամին չենք»:

Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ լինելու է բաց, թափանցիկ բոլորի համար:
 

Հովիկ Աբրահամյան. Մենք մեր ժողովրդի թշնամին չենք