14/04/2014 17:35
Հակոբ Ինջիղուլյանի հարազատները բողոքի ակցիա են անցկացրել Կարմիր խաչի մոտ
Այսօր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները դարձյալ բողոքի ակցիա էին կազմակերպել Կարմիր խաչի երևանյան գրասենյակի առջև:
«Արդեն որքան ժամանակ է` մենք տեղեկություն չունենք եղբորիցս: Կարմիր խաչը միայն ասում է, որ հիմա նրա հարցով ՄԱԿ-ն է զբաղվում ու իրավասու չէ մեզ ինչ-որ բան ասել: Եկել էինք, որ պահանջենք՝ թող մեզ պատմեն այն գործընթացների մասին, որոնք արվում են եղբորս Ադրբեջանից դուրս բերելու ուղղությամբ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը՝ ավելացնելով.
«Այսօրվա ակցիայից հետո մեզ ընդունեց Կարմիր խաչի ներկայացուցիչ Սարա Էպրեխտն ու ևս մեկ անգամ ասաց՝ Հակոբի հարցով ՄԱԿ-ն է զբաղվում ու այս պահին նրա համար երրորդ երկիր են փնտրում: Մենք հարցրեցինք՝ իրավասու չէ՞ արդյոք ԿԽՄԿ-ն ՄԱԿ-ից տեղեկատվություն խնդրել տեղի ունեցող գործընթացների մասին, ինչին ի պատասխան Էպրեխտը խոստացել է, որ հաջորդ նամակների փոխանակման ժամանակ կփորձի պատասխաններ ստանալ մեզ հուզող հարցերին»,- ասաց Հարություն Ինջիղուլյանը:
Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել 2013թ.-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Նա չի կողմնորոշվել տեղանքում:
Նախորդող հրապարակում՝ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել զբաղվել հայ գերիների հարցով