15/04/2014 11:41
Սահմանամերձ գյուղերում առավոտը խաղաղ է. Երեկ կրակել են մինչև ուշ երեկո
Նախօրեին ժամը 15.00-ից մինչև ուշ երեկո հակառակորդը կրակի տակ է պահել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Մեր կողմից, բարեբախտաբար, տուժողներ չկան: Հասցված վնասը նյութական է.
«Երեկ տենց ժամը 21.30-ին լռեցին»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն՝ ընդգծելով՝ կրակը բավականին ինտենսիվ էր.
«Դե ոնց որ միշտ տների վրա են հենց կրակել, տանիքներ են վնասվել, բայց հիմա՝ առավոտից, փառք Աստծո, խաղաղ է»,- ասաց Սամվել Սաղոյանն՝ ավելացնելով.
«Մեր դիրքապահ տղաներն իրենց լավ լռեցրեցին, հենա հիմա երեկվա հերթափոխի հրամանատարությունն իջնում է դիրքերից՝ գնանք շնորհակալություն հայտնենք»:
Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ իրենց մոտ կրակը շարունակվել է մինչև գիշերը 23.00-ն.
«Կրակել են ԴՇԿ-ով, դիպուկահարներով, այդ թվում՝ «Черная стрела» զենքով: Հիմա, որ նյութկան վնասն ենք նայում՝ պատուհաններ են կոտրվել, տանիքներ»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ այսօր Տավուշի մարզի Այգեպար գյուղի ուղղությամբ, որն ի դեպ երեկ նույնպես կրակի տակ է եղել, նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկում:
Նախորդող հրապարակում՝ Հակառակորդը կրակել է Ներքին Կարմիրաղբյուրի վրա. Թշնամին լռեցվել է