16/04/2014 12:27
Հ. Մարգարյան. Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ՕԵԿ-ին առաջարկվել է 3 պորտֆել
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Օրինաց երկիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ, որպես հանդիպմանը մասնակից կարող եմ ասել, որ կուսակցությանը առաջարկվել է երեք նախարարական պորտֆել նոր ձևավորվող կառավարության կազմում, այսինքն ինչ-որ նախարարական պորտֆել պահպանել-չպահպանելու որևիցե խնդիր գոյություն չունի»,- այս մասին ասված է ԱԺ պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի տարածած հաղորդագրության մեջ:
«Օրինաց երկիր» կուսակցության` նոր կոալիցիային մաս կազմելու, կամ չմիանալու պատճառները պայմանավորված չեն որևէ նախարարական պորտֆելով, այլ դրանք կարող են լինել բացառապես քաղաքական, որոնք այսօր կքննարկվեն կուսակցության քաղաքական խորհրդի նիստում և կկայացվի համապատասխան որոշում:
Նշենք, որ այսօր ՕԵԿ-ը քաղխորհրդր նիստ է անցկացնելու, որի ժամանակ էլ կուսակցական դիրքորոշումն է հայտնելու երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև` հայտարարելու` մտնո՞ւմ է կուսակցությունը կոալիցիա, թե ոչ:
Նիստից հետո` ժամը 20:00-ին, աղբյուրի փոխանցմամբ, լրատվամիջոցների համար հանդես կգան համապատասխան հայտարարությամբ: