17/04/2014 13:00
Ստեփան Գրիգորյան. ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը վտանգված է
Ուկրաինա-Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների զարգացումների արդյունքում՝ կարող է այնպես ստացվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցությունը թուլանա, նույնիսկ՝ քանդվի:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը վտանգված է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու սահմանային լարվածությանը՝ քաղաքագետը ներկայացրեց մի քանի բանաձև:
«Առաջինն այն է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը սառեցված է, բայց հակամարտությունը շարունակվում է: Երկրորդ՝ Ադրբեջանը պահում է լարվածությունը սահմանում, քանի որ մտավախություն ունի, թե ԼՂ հարցը կմոռացվի աշխարհի կողմից: Երրորդը կապված է վստահության մակարդակի հետ` անվստահության մակարդակը կողմերի միջև այնքան բարձր է, որ այսօր խոսել ինչ-որ լուծումների մասին՝ անիմաստ է»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ միաժամանակ ընդգծելով, թե Մինսկի խմբի ձևաչափը հիմա ձեռնտու է հակամարտության կողմերին: