17/04/2014 19:52
Ապրիլի 29-ին ստորագրվելու է ՄՄ միանալու փաստաթուղթ. Ավանեսյան. Azatutyun.am
Ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը: Այս մասին հայտնում է «Ազատությունը»:
Նախարարի պաշտոնակատարը միաժամանակ նշել է, թե դեռևս ավարտված չեն բացառությունների վերաբերյալ բանակցությունները:
Ռուսաստանի մաքսային օրենսգրքի հիման վրա ձևավորված Մաքսային միությունում ապրանքների մոտ 60 տոկոսի դեպքում մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում: Միության մաքսային օրենսգրքում ներառված է 11 553 տող ապրանք:
Բռնելով Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհը՝ պաշտոնական Երևանը բանակցություններ սկսեց մոտ 900-ի շուրջ բացառություններ ստանալու նպատակով, որպեսզի այդ ապրանքների մաքսազերծումը շարունակվի Հայաստանում գոյություն ունեցող ավելի ցածր դրույքաչափերով:
Վահրամ Ավանեսյանից հետարքրքրվել են՝ եթե բանակցությունները դեռևս ավարտված չեն ու, բնականաբար, հայտնի չէ՝ ինչպես կավարտվեն, ինչո՞ւ է այս պայմաններում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում, թե ապրիլի 29-ին միևնույն է ստորագրելու է Մաքսային միությանը միանալու փաստաթուղթը: Փաստորեն Հայաստանը անդամակցելու է այդ միությանը՝ վերջնականապես չհստակեցնելով իր անդամակցության պայմանները:
«Դա այդպես չէ, մենք հիմա բանակցում ենք թեմայի շուրջ և, բնականաբար, ստորագրության ժամկետը որոշված է՝ ամսի 29-ին, բայց ամսի 28-ին վերջնական բանակցությունների արդյունքը կլինի։ Էսօրվա վիճակով մենք չենք կարող ասել՝ բանակցությունները կավարտվեն ամբողջովին, թե՝ ոչ, բայց հույս ունենք, որ կավարտվեն։ Դա նորմալ պրակտիկա է, զարմանալի բան չկա դրա մեջ»,- ասել է նա.- «Ցանկացած բանակցության դեպքում ստորագրման օր է լինում և բանակցությունների ավարտի օր է լինում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: