Գալուստ Սահակյանը` կոալիցիայի, քառյակի, ՕԵԿ-ի, վարչապետի, կուտակայինի մասին
18/04/2014 21:19

Գալուստ Սահակյանը` կոալիցիայի, քառյակի, ՕԵԿ-ի, վարչապետի, կուտակայինի մասին

Aysor.am-ի զրուցակիցն ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Անցնող շաբաթը, ինչպես և նախորդ երկու շաբաթները ներքաղաքական կյանքը գերհագեցած էր:

ՀՀԿ պատգամավորի հետ խոսել ենք նորանշանակ վարչապետի, ձևավորվելիք կառավարության, հնարավոր կոալիցիայի, քառյակի և մի շարք այլ հարցերի մասին:

-Պարոն Սահակյան, ինչպե՞ս կգնահատեք քաղաքական վերադասավորումները, արդյունքը, առաջիկա զարգացումները:

-Ես կարծում եմ` քաղաքական վերադասավորումներ ասվածն այդքան էլ ընդունելի չէ, համենայնդեպս, կարծում եմ, որ քաղաքական կյանքում նոր, ավելի գոհացուցիչ իրավիճակներ է ենթադրվում առաջիկայում:

-Պարոն Սահակյան, իշխանությունը մշտապես ասում է, որ պատրաստ է քաղաքական երկխոսության բոլոր ուժերի հետ` լինի ընդդիմադիր, թե ոչ իշխանական, սակայն որևէ քաղաքական ուժ այդպես էլ չցանկացավ մաս կազմել կոալիցիային, ավելին, նույնիսկ կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիրը» դուրս եկավ, ի՞նչ եք կարծում` ի՞նչու:

-Կոալիցիան գործոն չէ: Այն ժամանակավոր լուծումներ առաջրկող դաշինք է, որը ոչ թե միացնում է կուսակցություններին, այլ` յուրաքանչյուր կուսակցություն իր ռազմավարությունն ու գաղափարախոսությունն ունի: Պատահական չէ, որ կոալիցիաները ստեղծվում են, հետո` քայքայվում, հետո նորից ստեղծվում…. Իսկ ընդհանուր առմամբ` դրական եմ գնահատում, որովհետև քաղաքական այն ուժերը, որոնք միտում ունեին կոալիցիայի շարքերում լինել, վերջնականապես կարողացան հասարակությանը ներկայացնել կոռեկտ, լուրջ քաղաքական փաստաթղթեր:

-Ուժերը, որոնք չցանկացան կոալիցիայի մաս կազմել, ըստ ձեզ խուսափո՞ւմ են պատասխանատվությունից:

-Կոալիցիան ինքնանպատակ չի կարող լինել, մարդիկ գնահատում են իրավիճակը, նրանք քաղաքական ծրագրեր ունեն` թեպետ մինչև այս միայն Դաշնակցությունն է ներկայացրել, այսինքն` նրանք փորձում են հասարակությանն ինչ-որ ձևով ներկայանալի դառնալ:

-Պարոն Սահակյան, քառյակի նպատակը` կառավարության հրաժարականը, կարծես թե, իրականացավ, ի՞նչ պետք է այսուհետ անի քառյակը:

-Քառյակը, ըստ էության, քաղաքական կառույց չէ, նրանք որոշակի խնդիրների լուծման պահանջ ունեին: Չեմ կարծում, թե քաղաքական դառնան, որովհետև և’ գաղափարախոսությամբ, և’ իրենց ծրագրերով տարբեր են: Եթե քաղաքական կառույց պիտի դառնային, կարծում եմ, կկարողանան հայտարարել, որ կոալիցիա են ձևավորում, բայց դա էլ անհնարին է, որովհետև յուրաքանչյուրը յուրովի է տեսնում երկրի ապագայի բարեփոխումների ընթացքը և դրա դրսևորումները:

-Իսկ ՕԵԿ-ին քառյակի կազմում կամ ընդդիմությունում տեսնո՞ւմ եք:

- Եթե քառյակը քաղաքական միավոր լինի, նոր կարելի է դրա մասին խոսել: Բացի դրանից` ՕԵԿ-ը դեռ չի վերջացրել իր հայտարաորությունները: Ամսի 25-ից հետո նոր պարզ կլինի, երբ հասարակությանը կներկայացվի այդ ուժի հետագա ռազմավարությունը:

-Ի՞նչ եք կարծում, ապրիլի 25-ից հետո ՕԵԿ-ն ընդդիմությո՞ւն կլինի, թե՞ օրինակ ԲՀԿ-ի պես` ոչ իշխանություն և ոչ էլ ընդդիմություն:

-Ինձ համար բնութագրական է, և աշխարհում առհասարակ այդպես է, որ կան իշխանական և ոչ իշխանական ուժեր: Այդ համատեքստում անվանումներն ածանցյալ մոտեցումներ են: Եթե իշխանության մեջ չես, ուրեմն ընդդիմություն ես:

-Այս դեպքում ԲՀԿ-ն ի՞նչ է:

-ԲՀԿ-ն, ըստ էության, որդեգրված այլընտրանք է ներկայանում, որը, կարծում եմ, իշխանական դաշտում չէ:

-Պարոն Սահակյան, վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին նշանակելով, նրան տրվել է ազատ քաղաքականություն վարելու հնարավորություն: Ինչո՞ւ նման առավելություն տրված չէր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին:

-Կարծում եմ` պատասխանատվության մեծացման խնդիրն է. Այսինքն` կառավարությունը լիարժեքորեն պիտի կարողանա իր թիմը հավաքել, իր վրա դրված պատասխանատվությունը, թերի և լավ կողմերը պիտի կարողանա դրսևորել հասարակության մեջ` ինքնուրույն պատասխան տալով:

-Ի՞նչ կասեք վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ երեկվա հանձնարարականի հետ կապված, որ պետք է մշակվի օրենքի նախագիծ, ըստ որի, ժամանակավորապես կկասեցվի կուտակայինի տույժերի հաշվարկը:

-Այդ հարցը քննարկվում է, և կարծում եմ Կառավարությունը շատ արագ Ազգային ժողով կներկայացնի նախագիծ: Բնականաբար, ՀՀԿ-ն խմբակցությունում կքննարկի և բնականաբար դրական միտումներ ունի, փորձենք տեսնենք ինչ կլինի…Բնականաբար` մասնակից են դառնում նաև այն ուժերը, որոնք այս ամիսների ընթացքում, կուտակայինի հետ կապված, խնդիրներ էին առաջարկում, կարծում եմ համատեղ որևէ լուծում կգտնենք, իսկ ելքերի և որոշումների մասին դեռ վաղ է խոսել:

Նախորդող հրապարակումներ` Ծառուկյան-Իվանաշվիլի. Երկուսն էլ հայրենասեր մարդիկ են. Լյուդմիլա Սարգսյան

Սադրանքները ԲՀԿ-ի համար չեն, ՀՀԿ-ն հիսթերիայի մեջ է. Տիգրան Ուրիխանյան

Շարմազանովը` ԱԺ քառօրյայի, հանձնաժողովների, ԲՀԿ-ի և Ր. Հովհաննիսյանի մասին

Քաղտեխնոլոգ. Երբ Մոսկվան որոշի, այն ժամանակ էլ կփոխվի Հայաստանի վարչապետը

 

Գալուստ Սահակյանը` կոալիցիայի, քառյակի, ՕԵԿ-ի, վարչապետի, կուտակայինի մասին