.jpg)
Անձի փոփոխությամբ` երկրում բարեփոխում չի լինի. Լալա Մնացականյան
Արվեստի ներկայացուցիչները, դերասաններն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները անմասն չեն մնում երկրում տեղի ունեցող ներքաղաքական ակտիվ գործընթացներից: Նրանցից շատերն այսօր մասնակցում են զանազան բողոքի ակցիների ու տարբեր միջոցառումների:
Aysor.am-ի թղթակիցը բողոքի ակցիաների, ներքաղաքական վերջին զարգացումներից ու սահմանադրական բարեփոխումների շուրջ զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մանացականանի հետ, ով նույնպես ակտիվ մասնակցում էր քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին:
- Վերջին շրջանում դուք նույնպես աչքի եք ընկել այս կամ այն ակցիային մասնակցելով: Ի՞նչ դիրքորոշում ունեք դուք այդ ակցիաների վերաբերյալ և ի՞նչ կտան դրանք մեզ:
- Ես այս երկրի քաղաքացի եմ և, բնականաբար, մտահոգվում եմ այս երկրի ճակատագրով: Այն, ինչ կատարվում է այստեղ՝ կատարվում է նաև ինձ հետ: Սա իմ երկիրն է, և ես պետք է պայքարեմ: Ես անմասն չեմ կարող մնալ, դրա իրավունքը չունեմ: Մենք դրա իրավունքը չունենք: Սա այն հողակտորն է, որը լքել, որից փախչել չի կարելի: Մենք նահանջելու տեղ չունենք: Ես միշտ ակտիվ եմ եղել այդպիսի ակցիաներին: Եվ այն ինչ ես համարում եմ արդար ու անարդար... դա իմ կարծիքն է, և ես իմ դիրքորոշումն եմ հայտնում, որի իրավունքն ունեմ:
-Այս օրերին ձևավորվել է «ԴԵՄ ԵՄ» շարժումը, որը պայքարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Շատերը կարծում են, որ այդ շարժման շնորհիվ հնարավոր է երկրում բարեփոխումներ իրականացնել ու սահմանադրական իրավունքը հաստատել: Դուք ի՞նչ կարծիք ունեք «ԴԵՄ ԵՄ» շարժման մասին:
- Վերևներն անընդհատ թելադրում են խաղի կանոններ, որոնց հետ բացարձակ համաձայն չէ մեծամասնությունը: Զարմանալին այն է, որ մի խումբ մարդկանց ցանկություններին և կամայականություններին ստիպում են ենթարկվել մեծամասնությանը: Աբսուրդի հասնող իրավիճակ, որովհետև նորմալ, քաղաքակիրթ երկրներում գործում են օրենքներ՝ ելնելով մեծամասնության շահերից, և իշխանությունները միշտ համագործակցում են իրենց ժողովրդի հետ: Ինքս մասնակցել եմ այդ ակցիաներին, բայց ես ուզում եմ մասնակցել ոչ թե «ԴԵՄ ԵՄ»-ի ակցիաներին, այլ «ԿՈՂՄ ԵՄ» ակցիաների: Ես ուզում եմ, որ մենք, ի վերջո, ազգովի հասկանանք մի բան. անընդհատ դեմ լինելը, դեմ է ինքներս մեզ: Ես չեմ ուզում խաղալ թելադրված այդ խաղի կանոններով և ուզում եմ, որ այնտեղ, որտեղից թելադրվում են այդ կանոնները, նրանց հետ մենք համագործակցենք: Երբ թերթում ենք պատմության էջերը, անընդհատ պայքարում ենք ինքերս մեր դեմ: Չկա մի շրջան, որտեղ հայտնված չլինենք այս իրավիճակում: Անընդհատ վերևների ու ներքևների միջև եղել է այդ անջրպետը:
-Ե՞վ… Այսօր ի՞նչն է այդ համագործակցության համար մեզ պակասում:
- Ես գտնում եմ, որ պակասում է վերևների հետ երկխոսությունը: Չնայած, այս պարագայում դա լրիվ ուտոպիա է: Միայն իդիալիստը կհավատա, որ այդ երկխոսությունը կկայանա: Թվում է, թե բոլորը նորմալ, կարգին մարդիկ են՝ մտահոգված երկրի, ժողովրդի ճակատագրով… բայց երբ հասնում են իշխանության, նրանց հետ ինչ-որ բան է կատարվում: Չեմ հասկանում ինչ, երևի արյան բաղադրությունն է փոխվում: Ու սկսում են անել լրիվ հակառակ, բևեռային բաներ: Դիմացը տեսնում են ժողովուրդ-թշնամի, ում հախից ամեն գնով պետք է գալ, և ինչքան արագ, այնքան լավ: Ասեմ, որ արագության հարցում գերազանց են աշխատել: Հայաստանում շատ քիչ մարդ է մնացել: Իրենց թվում է, թե իրենք առանձին են, ժողովուրդն՝ առանձին: Այդպես չի կարելի: Մենք ժողովրդի հետ մի ամբողջական մասնիկ ենք: Հենց այդ մասնիկների քաոսային վիճակից է, որ ես վախ եմ ապրում: Անընդհատ դեմ լինելով ու աընդհատ պայքարելով, այդուհանդերձ, ոչինչ չի փոխվում և մենք առաջ չենք գնում:
- Վերջին շրջանում կարևոր ներքաղաքական զարագացումներ տեղի ունեցան: Վարչապետը հրաժարական տվեց, արդեն ունենք նոր վարչապետ: Ձեր կարծիքով՝ անձերի փոփոխությունը երկրում փոփոխությունների կհանգեցնի, թե՞ ոչ:
- Երևի ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը, որ կասի՝ ոչ: Մենք պարզապես անձը փոխարինում ենք մեկ ուրիշ անձով, իսկ երկրում իրական բարեփոխումներ են պետք: Այդ անձը երկրում կանի այն, ինչ իր նախորդը: Գոյություն ունեն խաղի կանոններ, օրենքներ, որոնք, ի վերջո, պետք է աշխատեն: Հայաստանում օրենքի հանդեպ գերակայություն չկա: Այն այսօր բացակայում է: Ինքներս գրում ենք այդ օրենքները և ինքներս խախտում դրանք: Մեր Սահմանադրությունն արտակագ սահմանարդություն է: Ոչ ոք չի կարդում, բայց երբ խորանում ենք, հասկանում ենք, որ դրա մեջ այնքան կետեր ու նրբություններ կան, որ դրանց մեծ մասն այսօր շրջանցում ենք:
Անձով փոփոխություններ կամ բարեփոխումներ չեն լինում: Պետք է հասկանանք, որ մենք Սովետի սերունդ ենք եղել: Սովետի սերունդն ինչ ուզում է լինի, ստրկամտական մտածելակերպով է առաջնորդվում, ինչն այսօր ճնշում է մարդկանց: Սովետը բռնակալ է: Ես գտնում եմ, որ մեր փրկությունը կլինի այն երիտասարդը, ով կգնա դրսում սովորելու, այնտեղից կբերի գիտելիքներ, կհասկանա ու կսովորի դրսի օրենքները և դրանք կբերի Հայաստան: Մեր միջից ով լինի ղեկին, պակաս, թե ավել՝ գողանալու, խաբելու և թալանելու է:
- Նշեցիք, որ պետք է օրենքի գերակայություն, ոչ թե իշխանավորի կամայականություն: Ի՞նչն է խանգարում մեզ, որպեսզի մենք մեր երկրում օրենքը հարգենք:
- Օրենքը չի հարգում հենց նա, ում ձեռքում է օրենքը: Երբ օրենքի առաջ հավասար չեն բոլորը, ապա այդ երկրի ժողովուրդը աղքատ է, հուսահատ, իսկ այդպիսի երկրներին հեշտ է և զավթելը, ստրկացնելը: Ընտրությունը մերն է, կամ ազգովի տեր ենք կանգնում մեր երկրին, կամ դառնում ենք ինչ-որ հզոր երկրի «պրովինցիա»: Եթե օրենքի ողջ ուժով պատժվեն նույն օրենք գրողները, այդ ժամանակ երկրում կհարգվի օրենքը: Իսկ երբ օրենքը մեջ-մեջ են անում, իմ ու քո մեջ բաժնում, այդ ժամանակ օրենքի գերակայություն չի լինում: Օրենքի առջև հավասար են բոլորը: Երբ կլինի օրենքը բոլորի համար՝ այդ ժամանակ օրենքը կլինի գերական: