18/04/2014 13:00
ՍԴՀԿ ատենապետ. ՕԵԿ-ը սկսելու է քննադատել նոր կառավարությանը
ՕԵԿ-ի դուրս գալն իշխող կոալիցիայից ինչ-որ չափով ձեռնտու էր նաև ՀՀԿ-ին: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:
ՕԵԿ-ը, շարունակեց խոսքը Ն. Գալստյանը, սկսելու է ուժեղ քննադատել նոր կառավարությանը` մատնանշելով բացթողումները, որովհետև ձևավորվելիք կառավարությունը լուրջ օպոնենտներ չի ունենալու:
«Քառյակն ուներ հստակ խնդիր, հիմա խնդիրը լուծված է: Քառյակը չի քննադատելու Հովիկ Աբրահամյանի կառավարությանն այնպես, ինչպես Տիգրան Սարգսյանինն էր քննադատում: ՕԵԿ-ը լրացնելու է այդ բացը: Քառյակի կազմում ընդգրկված լուրջ ուժեր ունեն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, և նրանք, անձնավորված գործոնով պայմանավորված, նախկին քննադատությունները չեն հնչեցնելու նոր կառավարության հասցեին»,- ասաց Ն. Գալստյանը:
Ինչ վերաբերում է նոր վարչապետին և նոր կառավարության գործունեությանը, Ն. Գալստյանն ասաց, որ պետք է սպասել, թե ինչ ծրագիր կներկայացնի նոր կառավարությունը, ինչպես նաև` ինչ նոր քաղաքականություն կունենա այն:
«Եթե երկրում լինեն համակարգային փոփոխություններ, ինչի վրա մենք խիստ կասկածում ենք, դրական փոփոխություններ կլինեն: Իսկ եթե շարունակվի հովանավորվել օլիգարխիկ համակարգը, խնդիրներն էլ ավելի են խորանալու»,- ասաց նա` ընդգծելով, որ ցանկացած անձի փոփոխություն չի կարող երկրում հանգեցնել բացառիկ դրական փոփոխությունների, եթե չի փոխվում իշխանության տրամաբանությունը:
Նախորդող հրապարակում՝ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է կոալիցիայց դուրս գալու դրդապատճառները