«Այտընեան-Բէօմ» պատարագը տեղ ունի Կոմիտասի ու Եկմալյանի պատարագների կողքին»
22/04/2014 19:20

«Այտընեան-Բէօմ» պատարագը տեղ ունի Կոմիտասի ու Եկմալյանի պատարագների կողքին»

Այսօր Հայաստանում այսօր առաջին անգամ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտընեան-Բէօմ» պատարագը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայր Պողոսը ասաց, որ պատարագները մշակվելուց հետո Վայսի օգնությամբ վերածվել են խառը երգչախմբի համար քառաձայնի, որից հետո Յոզեֆ Բէօմը ավելացրել է նվագախմբի բաժինը: 

Ասուլիսի մյուս բանախոս Հայր Նարեկը ասաց, որ իրենք որոշել են գալ Հայաստան ու այս պատարագով սգալ ապրիլի 24-ը, իսկ պատարագի ձայնասկավառակը դեռ թողարկված չէ: 

Համերգը կղեկավարի Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարիտիրոսյանը, ում կարծիքով՝ մոտ 100 տարի քնած այս պատարագը այսօրվանից սկսած կհնչի:

«Սա այնքան պրոֆեսիոնալ մշակված գործ է, որ նույնքան տեղ ունի Կոմիտասի ու Եկմալյանի պատարագների կողքին»,- ասաց նա:

Նշենք, որ պատարագը կհնչի այսօր ժամը19:00-ին: Արսեն Այտընեանը ծանոթ է հայագիտական շրջանակներում՝ որպես մեծ հայագետ և հայտնի է գրաբարի և աշխարհաբարի հոյակապ աշխատություններով:

Բազմաթիվ հայագիտական աշխատանքների, հայերեն տառատեսակների և զարդագրերի հեղինակ է, և հայտնի է իր հոյակապ հայատառ մեծ աշխարհագնդով, /գլոբուս/, որը այսօր Վիեննայի Մխրթարյան միաբանության մատենադարանի զարդն է համարվում:

Բացի այդ, նա օժտված էր բազմաթիվ տաղանդներով: Ծնված լինելով Պոլսում, կրթություն է ստացել տեղի Մխիթարյան վարժարանում, այնուհետ կրթությունը շարունակել է Վիեննայի Մխիթարյան վանքում: Տիրապետել է բազմաթիվ լեզուների, զբաղվել է աստղագիտությամբ, երաժշտությամբ և նկարչությամբ: 1845 թ.-ին, 22 տարեկանում օծվել է կուսակրոն քահանա Մխիթարյան միաբանությունում, իսկ 1886թ.-ին` ստացել է արքեպիսկոպոսական օծում:

Այտընեանը Վիեննայի վանքում հնչեցրած պատարագները մշակել է եվրոպական նոտագրությամբ, այնուհետ Վայսի օգնությամբ վերածել խառը երգչախմբի համար քառաձայնի:

Ավելի ուշ Յոզեֆ Բէօմը ավելացրել է նվագախմբի բաժինը ՝ լարային, փողային և հարվածային գործիքներով: 

«Այտընեան-Բէօմ» պատարագը տեղ ունի Կոմիտասի ու Եկմալյանի պատարագների կողքին»