Հովիկ Աբրահամյանը շարունակելու է քննարկումները պատգամավորների հետ
22/04/2014 15:15

Հովիկ Աբրահամյանը շարունակելու է քննարկումները պատգամավորների հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել են Ազգային ժողովի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր», ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները:

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման մասնակիցներն ընդգծել են քաղաքական համագործակցության նման ձևաչափի անհրաժեշտությունը և կարևորել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի և կառավարության բաց, անկաշկանդ համագործակցության ուղիները, այդ թվում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ, ինչը կնպաստի երկրում վստահության ամրապնդմանը:

Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարևորում է խորհրդարանական խմբակցությունների հետ համագործակցությունը և պատրաստ է հետագա երկխոսության` տարբեր ձևաչափերով:
Այնուհետև տեղի ունեցած կառուցողական երկխոսության շրջանակում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումներն են արտահայտել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ և ներկայացրել տարբեր առաջարկություններ:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սեղմ ժամկետում նախապատրաստվելու է օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

Վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները պատգամավորների և շահարգիռ կողմերի հետ՝ կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների համակողմանի լուծմանը հասնելու համար:

Մախորդող հրապարակում` «Պարտադիրի կասեցման ուղղությամբ կառավարությունը կոնկրետ քայլեր է անում»
 

Հովիկ Աբրահամյանը շարունակելու է քննարկումները պատգամավորների հետ