«Ցեղասպանության ճանաչման հարցում ռեալ քաղաքական մոտեցում է պետք ցուցաբերել»
25/04/2014 20:11

«Ցեղասպանության ճանաչման հարցում ռեալ քաղաքական մոտեցում է պետք ցուցաբերել»

Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը անցել է միջազգային իրավունքի դատապարտման միայն 1-ին փուլը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

«Այս գործընթացը ներկայում պետք է ավելի հստակեցվի: Միայն ճանաչումն ու դատապարտումը քիչ է և դրանով չէ, որ պետք է խնդիրը լուծվի: Այստեղ քաղաքական հարցերին զուգահեռ անհրաժեշտ է հստակ իրավական միջոցներ ձեռնարկել, որոնք ավելի շատ կլինեն իրավական տեսանկյունից»,- շեշտեց Հովսեփյանը:

Թուրքագետը պարզաբանեց, որ Ցեղասպանության ճանաչման հարցում հաճախ տեղի են ունենում քաղաքական շահարկումներ, որոնք տապալում են գործընթացը, մինչդեռ իրավական դաշտում խնդրին ավելի հստակություն կհաղորդի: «Իրավական հարցերը պետք է ավելի մանրամասն ուսումնասիրվեն ու մշակման փուլ անցնեն: Պետք է հստակ որոշեն, թե ինչ մեխանիզմով, որ դատարան դիմեն: Օրինակ՝ ՄԱԿ-ի միջազգային դատարան կարող ենք դիմել Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հայացով, կամ դատական այլ ատյաններ՝ Ցեղասպանության հարակից խնդիրների հայցով՝ ունեցվածք, ժառանգություն գույք և այլն: Դրա մեկնարկը կարելի է ասել արդեն տվել ենք: Պետական հանձնաժողովում արդեն հստակ անելիքների խնդիր է դրված»,- նշեց բանախոսը:

Նկատենք, որ 2010 թվականից ի վեր Հայոց ցեղասպանությունը ընդունած երկրների ցանկը դեռևս չի համալրվել նոր պետությունով: Վերջին պետությունը, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Շվեդիան է եղել:

Անդրադառնալով այս գործընթացին՝ թուրագետն ասաց, որ թեև սա ձախողում չի համարում, այնուամենայնիվ, գտնում է, որ քաղաքական հարցերում Հայաստանն առաջնորդվում է զգացմունքայնությամբ, որը թուլացնում է գործըթացը. «Ցանկացած երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտարկվում է ոչ թե զգացմունքային-էմոցիոնալ տեսանկյունից, այլ՝ քաղաքական: Յուրքանչյուր երկրի առաջնորդվում է սեփական շահերով: Ամեն անգամ էլ բախվելու ենք նույն քաղաքական խնդիրների հետ: Մենք ամեն տարի մտահոգվում ենք, թե ԱՄՆ նախագահ Օբաման կարտաբերի Ցեղասպանություն բառը թե ոչ, բայց դա էական չպետք է լինի մեզ համար: Ռեալ քաղաքական մոտեցում է պետք ցուցաբերել»,- ընդգծեց նա:

Ըստ թուրքագետի՝ այսօր Թուրքիան հզոր տնտեսություն ունեցող պետություններից մեկն է, որն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փորձում է ավելի խորացնել: «Հայոց ցեղասպանությունը տաբու է Թուրքիայում, և հետո Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի իր հարաբերությունները ավելի ամուր հիմքերի վրա կառուցի խոշոր խաղացողների հետ: Թուրքիան այն երկիրը չէ, որի ժողովուրդը 15 կամ 20 տարի առաջ էր, և նրա տնտեսությունը լայն հնարավրություններ է բացում իր համար և արտաքին քաղաքական հզորություն տալիս»,- մանրամասնեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա թուրքագետի հավաստմամբ, թեև Թուրքիան ցույց է տալիս, թե կոշտ կապերի թելերը կտրված են, նա շարունակում է իր կոշտ ժխտողական քաղաքականությունը վարել: «Թուրքիան փորձում է ցուցաբերել փափուկ ժխտողական քաղաքականություն: Դրան վստահել ու հավատալ պետք չէ: Թուրքիան վտանգավոր երկիր է: Թուրքիայում գերակշռող մաս են կազմում ազգային պահպանողականները: Ցանկացած հակահայկականություն լուրջ վտանգ է. դա մարտահրավեր է, սինդրոմ: Իհարկե, ձևավորվել է նաև մի նոր շերտ՝ ազատական մտածողներ, բայց նրանք շատ քիչ են և չեն կարողանում ազդել ընդհանուր հասարակական կարծիքի վրա: Միգուցե տարիների ընթացքում մեզ հաջողվի հանրային դաշտում որևէ բան փոխել, բայց դա քիչ հավանական է: Թուրք հասարակությունը նույնպես այսօր պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակեց Հովսեփյանը:

«Ցեղասպանության ճանաչման հարցում ռեալ քաղաքական մոտեցում է պետք ցուցաբերել»