ԱՄՆ-ը Ադրբեջանին վերապահել է հակառուսական էներգետիկ միջանցքի դեր
25/04/2014 19:12

ԱՄՆ-ը Ադրբեջանին վերապահել է հակառուսական էներգետիկ միջանցքի դեր

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգստարը Բաքվում «Caspian Energy Forum-2014»-ի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանի ինքնիշխանության պահպանումը Կասպյան տարածաշրջանում ԱՄՆ-ի առաջնահերթություններից մեկն է:

Դեսպանը անդրադառնալով կասպյան տարածաշրջանում ԱՄՆ-ի հետաքրքրություններին նշել է, որ ԱՄՆ-ը նավթ և գազ չի ստանում կասպյան տարածաշրջանից, սակայն Վաշինգտոնի համար կարևոր է ապահովել ԵՄ-ի էներգետիկ հոսքերի դիվերսիֆիկացիան և էներգետիկ անվտանգությունը:

Մորնինգստարի խոսքերով, անհրաժեշտ է զարգացնել Ադրբեջանի այլընտրանքային՝քամու և արևային էներգետիկան, որպեսզի գազի ավելցուկները արտահանվեն եվրոպական ուղղությամբ:

Մորնինգստարի հայտարարությունը արվում է Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ամենաթեժ պահին, երբ ԵՄ-ը և ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ են կիրառում Մոսկվայի նկատմամբ, իսկ եվրոպական պետությունները փորձում են ձերբազատվել ռուսական գազից իրենց կախվածությունից: Արևմուտքը դիտարկում է կասպյան ավազանի և մասնավորապես Ադրբեջանի Շահ-Դենիզ հանքավայրի գազը որպես ռուսականին փոխարինող, այլընտրանքային էներգետիկ ռեսուրս:

Արևմուտքի համար կարևոր է պահպանել Ադրբեջանի չեզոքությունը ՌԴ-ի կողմից առաջ մղվող Մաքսային միության անդամակցության հարցում, ինչպես նաև էներգետիկ անկախությունը, քանի որ Ադրբեջանը Արևմուտքի համար յուրահատուկ պատուհան է դեպի կասպյան-կենտրոնական ասիական գազանավթային ռեսուրսներով հարուստ տարածաշրջան: Ադրբեջանի ռուսամետության կամ Մաքսային միության անդամակցության դեպքում այդ պատուհանը կարող է փակվել և էներգետիկ հոսքերը գնան ոչ թե դեպի Արևմուտք՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան կամ նախագծվող TANAP գազամուղով՝Վրաստանի և Թուրքիայի տարածքով, այլ դեպի հյուսիս՝ՌԴ:

Մորնինգստարը ակնկարկում է, որ Ադրբեջանը պետք է դառնա ԵՄ-ի՝ ռուսական գազային մոնոպոլիան վերացնող կամ գոնե թուլացնող գործոնը, ինչը հավանաբար չի վրիպի Մոսկվայի աչքից: Ադրբեջանը տասնամյակներ շարունակ մասնակցում է հակառուսական աշխարհաքաղաքական՝ ՎՈՒԱՄ և էներգետիկ-կոմունիկացիոն՝ՌԴ-ի սահմանների երկայնքով ձգվող նավթագազային և տրանսպորտային նախագծերին:

Դա այդ երկրի առաջնահերթություններից է՝ դառնալ Արևմուտք-Արևելք էներգետիկ-տրանսպորտային միջանցքի մի կարևոր մասնիկը: Արևմուտքը Հարավային Կովկասի տարածաշրջանում այդպիսի միջանցք կառուցում է օգտագործելով իր ռազմավարական դաշնակիցներին՝ Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին և պատահական չէ, որ հենց այդ երկրների տարածքով են անցնում կասպյան ավազանից դեպի Արևմուտք ձգվող նավթագազամուղերը:

Միջանցքի դեր ստանձնած Ադրբեջանը արդեն իսկ կոնկրետ ռազմավարություն է մշակում այդ ուղղությամբ: Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Ադրբեջան-2020 ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է Ադրբեջանի հասարակական, տնտեսական զարգացման տեսլականը մոտակա 20 տարիների համար:

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը պետք է դառնա Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ էներգետիկ-տրանսպորտային միջանցքների խաչմերուկ և տարածաշրջանում տարանցիկ կարևորագույն օղակ:

Տարանցիկ և էներգետիկ-տրանսպորտային միջանցք դառնալու համար Ադրբեջանը նախատեսում է մոտակա տարիների ընթացքում արդիականացնել երկաթգիծը, ավտոճանապարհները բերել միջազգային չափորոշիչներին, Կասպից ծովի ափին կառուցել նոր միջազգային առևտրային Ալյաթ նավահանգիստը, ինչպես նաև Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում կառուցել նոր համալիր և օդանավակայանի տարածքում ստեղծել ազատ տնտեսական գոտի:

Նշենք, որ Ալյաթ նավահանգիստը կառուցվում է Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթ ավանում:
Բացի այդ, Ադրբեջանը նաև կառուցում է Բաքու-Բաթումի ավտոճանապարհը, որը լինելու է բետոնապատ և արագընթաց ու կապահովի Կասպից ծովի ապրանքների տեղափոխությունը Սև ծով:

Հայաստանը պետք է պատասխանի վերոնշյալ քայլերին խորացնելով իր էներգետիկ-տրանսպորտային կապերը` Իրանի և Վրաստանի հետ, արագանցի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը, ռուսական կողմի օգնությամբ բարձրացնի երկաթծի տարանցիկությունը և ֆինանսական միջոցներ հայթայթի Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը կյանքի կոչելու համար` թուրք-ադրբեջանական տանդեմի Հայաստանը և Արցախը մեկուսացնելու քաղաքականությանը արժանի պատասխան տալու համար: