.jpg)
Հայաստանից մեկն է, բայց լավագույնն է
100 երկրի 600 մարզիկ մասնակցեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնությանը: Հայաստանը ներկայացրեց ութ մասնակից:
Աղջիկների պայքարում գերազանց մրցելույթներով աչքի ընկավ մեր միակ մարզուհին` Անուշ Գրիգորյանը (51 կգ): Նա 17 տարեկան է, Մասիսի ԳԱՅ (նախկին Ներքին Խաթունարխ) գյուղի բնակիչ, «Սևան» մարզական ընկերության սան, 2013 թ. աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն, պարապում է մարզիչ Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ:
Անուշ Գրիգորյանը պարզապես փայլեց Սոֆիայում: Նրա առջև «զենքերը վայր դրեցին» հաջորդաբար Ավստրալիայի, Չինաստանի, Անգլիայի, Ղազախստանի և Իտալիայի ներկայացուցիչները: Ասենք , որ համապատասխանաբար չինուհի և ղազախուհի մրցակցուհիներն աշխարհի պատանիների և երիտասարդների գործող չեմպիոններն էին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հիանալի մրցելույթներով աչքի ընկավ նաև աբովյանցի Նարեկ Մանասյանը (81 կգ): Նա Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի սան է: Ապրիլի 17-ին տոնեց իր ծննդյան 18 -ամյակը: Նարեկի անձնական մարզիչն է պրպտող մասնագետ Արշավիր Գրիգորյանը: Հայ մարզիկը նույնպես տպավորիչ հաղթանակներով մտավ կիսաեզրափակիչ: Վճռական փուլ մտնելու համար նրա մրցակիցը տանտերերից մեկն էր: Բայց այդ հանգամանքը հոգեբանորեն չազդեց մեր ներկայացուցչի վրա, և մենամարտը, կարելի է ասել, ընթացավ հավասար պայքարում, որտեղ մրցավարները նախապատվություն տվեցին բուլղարացուն:
Մեր երկու մեդալակիրները, պարգևներից բացի, արժանացան նաև Չինաստանի Նանջինգում օգոստոսի 16-28-ը կայանալիք ամառային օլիմպիական պատանեկան երկրորդ խաղերի մասնակցի ուղեգիր: Աբովյանցիների համար Նարեկն առաջին օլիմպիականն է, իսկ մասիսցի Անուշը երկրորդն է` օլիմպիական խաղերի եռակի դափնեկիր (2 ոսկե և 1 բրոնզե մեդալ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանից հետո:
Այսպիսով` նանջինգյան խաղեր մեկնող մեր պատվիրակների թիվը հասավ 9-ի: Իհարկե, ուղեգրեր են սպասվում նաև մեր մարմնամարզիկներից, ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներից, նետաձիգներից, մյուսներից: Նշենք , որ խաղերի ծրագրում ընդգրկված է 33 մարզաձև: