.jpg)
Ռուբեն Մելիքյանը՝ քրեական օրենսգրքի նախագծի նորամուծությունների մասին
«Փաստինֆոն» շարունակում է Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների շարքը, և այս խորագրի՝ մեր այսօրվա հյուրը օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն է:
-Պրն. Մելիքյան, մեր այսօրվա զրույցի ընթացքում, թերևս, կանդրադառնանք նախագծում առկա մի շարք խնդրահարույց դրույթների, որոնց վերաբերյալ մասնագետների կարծիքներն արդեն իսկ երկփեղկվել են: Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում են քրեական հետապնդման համար հիմք հանդիսացող հանրային և մասնավոր մեղադրանքի տեսակներ: Սա թեև նորամուծություն է, բայց շատ է հիշեցնում խորհրդային շրջանում գործող հանրային մեղադրող և պետական մեղադրող հասկացությունները: Ի՞ նչ է սա` նոր իրողությո՞ւն, թե՞ լավ մոռացված հինը:
- Մասնավոր մեղադրանքի ինատիտուտը, որպես քրեական դատավարության նոր օրենսգրքում նոր իրավակարգավորում, որևէ առնչություն չունի նախկինում նույն անվամբ կամ մոտ անվամբ, հատկապես խորհրդային տարիներին առկա ինստիտուտի հետ, որովհետև այստեղ խոսքը վերաբերում է նրան, որ առհասարակ քրեական հետապնդումը դուրս է գալիս պետական մարմինների իրավասության ոլորտից և դառնում է մասնավոր սուբյեկտների խնդիր:
Երկու տարբեր տաբերակներ կան, որ պետությունը այստեղ միջամտի. առաջինը` ենթադրենք, մասնավոր մեղադրանքով, մասնավոր քրեական հետապնդման ենթակա քրեական հանցագործություն է կատարվել, ըստ տուժողի, բայց նա չգիտի, թե ով է հանցանք կատարած անձը: Նա կարող է միջնորդել, որպեսզի պետական մարմինները հայտնաբերեն այդ անձին: Խոսքը հատկապես վերաբերում է ոչ մեծ ծանրության մարմնական վնասված հասցնելու դեպքերին, և այստեղ պետության դերը ավարտվում է այդ անձին հայտնաբերելով: Այսինքն` անձը չգիտի, թե ում դեմ մասնավոր քրեական հայց հարուցի:
Եվ երկրորդ` այն դեպքն է, երբ ծառայողական, անձնական, կամ այլ կախվածության պատճառով հնարավոր չէ, որ տվալ անձը դիմի դատարան: Եվ այստեղ ևս պետությունը ներգրավվում է: Օրինակ` ընտանեկան բռնության հետ կապված դեպքերում, երբ մարմնական վնասվածք հասցնում է ընտանիքի անդամը, որից կա կախվածություն:
Այս երկու դեպքերից բացի, մյուս բոլոր դեպքերում պետության կողմից որևէ մասնակցություն լինել չի կարող: Սա որևէ առնչություն չունի խորհրդային տարիներին եղած ինստիտուտի հետ:
Այս ինստիտուտի նպատակը ողջամիտ չափերի մեջ մասնավոր էլէմենտ ներդնելն է քրեական դատավարությունում և պետությանը ձերբազատել մանր գործերով մասնակցություն ունենալուց, որպեսզի կենտրոնանա ավելի կարևոր գործերի վրա: Այսինքն` այս գործերով առհասարակ մինչդատական վարույթ չի իրականացվում, և շատ նման է, ըստ էության, քաղաքացիական դատավարությանը, երբ քրեական հայց է հարուցվում ենթադրյալ հանցանք կատարած անձի դեմ, և դատարանը 2 կողմերի մասնակցությամբ քննում և լուծում է քրեական հայցը: Սա է մասնավոր մեղադրանքը:
- Այսինքն` կարո՞ղ ենք ասել, որ խոսքը մասնավոր գանգատի ինստիտուտի ներդրման մասին է:
- Ես չեմ ուզում շատ կենտրոնանալ տերմիների վրա, տերմիններն այստեղ կարևոր չեն, շատ հաճախ տերմինները շփոթեցնող կարող են լինել: Այդ պատճառով ես փորձեցի, խուսափելով տերմինաբանությունից, ներկայացնել այն, թե ինչ է սպասվում նոր ՔԴՕ-ի ընդունումից հետո: Իսկ սպասվում է այն, որ մի ստվար ծավալի գործեր այլևս չեն քննվի պետության կողմից, և պետությունն այստեղ ռեսուրս չի ծախսի: Դա նշանակում է, որ պետք է շատ ճիշտ ընտրել այն գործերի շրջանակը, որոնք մասնավոր մեղադրանքի ներքո պետք է լինեն:
Այսօրվա իրավակարգավորումն այն է, որ նման գործերը չեն կարող հարուցվել առանց տուժողի բողոքի, իսկ հարուցվելու դեպքում պետությունը պարտավոր է կարճել: Սա է համարվում մասնավոր մեղադրանքի էությունը, ինչը շատ կիսատ մոտեցում է, որովհետև էլի պետությունը մասնակցում է, ուղղակի տուժողի կամարտահայտությունը էական է, իսկ նոր մոդելի պայմաններում առհասարակ պետությունը չի մասնակցում, բացառությամբ իմ նշած 2 դեպքերի, որոնք, կարծում եմ, ողջամիտ դեպքեր են: Նորից կրկնեմ` առաջինը, երբ որ առկա է հանրային շահ` կածվախության պատճառով և երկրորդը`անձը չգիտի, թե ում դեմ քրեական հայց հարուցի, ով է իրեն վնաս հասցնողը: Պետությունն այդ դեպքում ուղղակի հայտնաբերում է ենթադրյալ հանցանքը կատարած անձին և նրա գործառույթը դրանով սպառվում է:
- Նոր օրենսգիրքը նաև չի նախատեսում քրեական գործ հարուցելու ինստիտուտը: Ի՞նչ նոր ընթացակարգով է այն փոխարինվել, և ընդհանրապես կա ինչ-որ նոր կարգ, որ պիտի փոխարինի գործող մեխանիզմին:
- Այս հարցերը երևի ամենակարևորներից են նոր ՔԴՕ նախագծում, որովհետև մեր պատկերացմամբ այստեղ մենք լուրջ պարզեցում ենք մտցրել, որպեսզի մենք չունենանք առանձին, ըստ էության, նույն բանի մասին խոսող վարույթներ: Օրինակ` մենք միշտ ունենք քրեական գործի հարուցման վարույթ, և պետությունը մինչև 10 օր ժամանակ ունի պարզելու` հանցանք եղե՞լ է, թե՞ չի եղել: Հետո որոշում է կայացնում, ասում է` հանցանք եղել է, հետո սկսում է քննել այդ հանցանքը: Այստեղ հոգեբանական հարցեր են առաջանում, օրինակ` կարճելու հետ կապված:
Եթե դու որոշել ես, որ հանցանք է եղել, ապա շատ դժվար է պատկերացնել, որ հեշտությամբ կարելի է կարճել: Նոր մոդելով, որ հատկապես արևմտյան շատ երկրներում փորձարկված մոդել է, ոչ թե պետաիշխանական կամք դրսևորելու միջոցով է սկսվում վարույթը, այսինքն` որոշում չի կայացվում, այլ ընդամենը փաստ է արձանագրվում: Եթե անձը գնում է ոստիկանություն, անձը հաստատող փաստաթղթով, և հայտարարություն է տալիս, օրինակ, ասում է` իմ հարևանի տանը հայտնաբերվել է դիակ, կամ իմ հարևանի տանը երեկ կրակոցներ են հնչել, ես էլ առավոտյան արյուն եմ հայտնաբերել, կամ իմ տնից գողություն են արել և այլն, այդ դեպքում պետությունը պետք է ընդամենը փաստ արձանագրի, որ այս մարդն այսպիսի բան ասաց, և սկսի վարույթը: Այդ դեպքում պետությունն արդեն կախված չի լինի ինչ-որ որոշում կայացնելուց, որովհետև նա ընդամենը փաստ է արձանագրել, ընդ որում` կոնկրետ անձի բերած փաստը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: