.jpg)
Տարածաշրջանային բլոգ. Իրանը «լռում է», բայց «լռում է»՝ ի վնաս Թուրքիայի
Այս պահին հիմքեր չկան կարծելու, որ գոնե այս տարի Իրանի ղեկավարության կողմից կհնչեն Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ, և անակնկալներ տեղի չունեցան: Սակայն հարկ է նկատել, որ Իրանի «լռությունը» ոչ այնքան պայմանավորված է Թուրքայի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու կարևորության, որքան «համաիսլամական համերաշխության» չխախտման անհրաժեշտության գիտակցումով: Այդ հարցում իրանական ազգայնականությունն ու քաղաքական պրագմատիզմը հակասության մեջ են հայտնվում կրոնագաղափարական չափորոշիչների հետ:
Հետևելով իրանական ԶԼՄ-ների վերջին օրերի հրապարակումներին՝ տպավորություն է ստեղծվում, որ իրանական իշխանությունները, մեղմ ասած, դեմ չէին լինի, եթե Թուրքիան տապալեր Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը: Դա երևում է ինչպես Անկարայի իշխանություններին դատափետող հրապարակումներից, այնպես էլ «հայերի ջարդ» բառակապակցությունը կամ «հայերի կողմից Հայոց ցեղասպանություն որակված» արտահայտությունն անընդմեջ շեշտադրելուց:
Պարզ է, որ վերոհիշյալ հրապարակումները Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ դեռևս չեն արտահայտում իրանական կողմի հստակ դիրքորոշումը XX դարի մեծագույն ողբերգություններից մեկի վերաբերյալ, սակայն միաժամանակ, կան նրբություններ, որոնք չպետք է վրիպեն մեր աչքից կամ անտեսվեն: Իրանի «լռությունը», որը բավականաչափ խոսուն լռություն է (չհաշված այն, որ այդ «լռության» մեջ կիրառվել են բառախաղի՝ մեզ քաջ հայտնի կանոնները՝ «ցեղասպանության» փոխարեն «կոտորածներ» որակելը և այլն), ակնհայտ հակաթուրքական շեշտադրումներ է պարունակում:
Ըստ այդմ՝ թվում է՝ Իրանը գործնականում առաջնորդվում է գերազանցապես քաղաքական պրագմատիզմի սկզբունքներով (իհարկե, անհրաժեշտության դեպքում կարող է նաև, ինչպես ասում են, «ձեռքի հետ» ժխտել Հայոց ցեղասպանության փաստը), որոնց հիմքում հետևյալ գաղափարն է՝ «թող լուծվի Հայոց ցեղասպանության հիմնահարցն ի վնաս Թուրքիայի, սակայն առանց մեր անմիջական մասնակցության»: