.jpg)
Գալուստ Սահակյան. Բիզնեսով չեմ զբաղվում, բիզնեսից բան չեմ հասկանում
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ խորհրդարանում քննարկվում է ԱԺ նախագահի ընտրության հարցը: Քիչ առաջ, որպես ԱԺ նախագահի թեկնածու, ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ում թեկնածությունն առաջադրվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Ելույթից հետո Գ. Սահակյանին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա հարցը վերաբերում էր պատգամավորների բիզնեսներին, մասնավորապես՝ Գ. Սահակյանի՝ ուղևորափոխադրում իրականացնող գծերին:
Ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը բիզնեսով չի զբաղվում, նույնիսկ՝ բիզնեսից «բան չի հասկանում»:
«Ես կողմակից եմ, որ պատգամավորները ակտիվ լինեն ու օր ու գիշեր պատգամավորական գործունեությամբ զբաղվեն: Օրենքը թույլ է տալիս, որ պատգամավորները բաժնետեր լինեն, կարող են ներդրումներ անել, իսկ ինչ վերաբերում է Ձեր ասած իմ գծերին, ապա ես ունեմ գիծ, դա՝ քաղաքական է»,- ասաց Գ. Սահակյանը:
Շարունակելով խոսքը՝ ԱԺ նախագահի թեկնածուն ասաց, որ երբ իրեն նման բաներ են վերագրում, անհարմար վիճակում է հայտվում.
«Որովհետև դրանից շատ բան չեմ էլ հասկանում: Բայց ես ուրախանում եմ, որ ինձ էլ են նման բաներ ասում: Եթե հնարավորություն ունենայի, ապա անպայման այդ կերպ տնտեսության զարգացմանը կնպաստեի: Բայց կրկնում եմ՝ որևէ բիզնեսից չեմ օգտվում»:
Նախորդող հրապարակումներ՝ ՀՀԿ-ն մտահոգված է. Իրավական կազուս՝ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներում
ԱԺ նախագահի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու