ԱԺ էթիկայի հանձնաժողովը կարճեց Մ. Բադեյանի վերաբերյալ եզդիների դիմումը
28/04/2014 21:10

ԱԺ էթիկայի հանձնաժողովը կարճեց Մ. Բադեյանի վերաբերյալ եզդիների դիմումը

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը որոշել է կարճել «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների ներկայացրած դիմումի քննությունը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում լրագրողները ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանից հետաքրքրվել էին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ հայկական հեռուստատեսությամբ ռուսերեն հեռուստահաղորդում է հեռարձակվում, ինչպիսին «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հաղորդումն է: Ի պատասխան որին՝ Բադեյանը բորբոքվել էր ու կոպիտ արձագանքել. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ տենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար՝ կզարմանայի, բայց դուք իսկականից տենց ե՞ք մտածում»,- ասել էր նա:

Նշենք, որ դեպքի առնչությամբ՝ այդ երկու կազմակրեպությունները դիմում-բողոք էին ներկայացրել ԱԺ Էթիկայի հանձնաժողով:

ԱԺ որոշմանն արձագանքելով՝ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ ղեկավար Բորիս Մուրազին նշեց, որ իրենք տեղյակ են այդ մասին, բայց դեռևս չեն ստացել ԱԺ պատասխան նամակը,  հետևաբար՝ ինքը չի կարող ասել, թե ինչ հիմնավորմամբ է դիմումը կարճվել: «Այդ որոշումը մի քանի օր առաջ է կայացվել: Մենք դեռևս նամակը չենք ստացել ու տեղյակ չենք՝ ինչ են պատասախանել, իսկ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեզ պատասխանել է, որ նամակում է ամեն ինչ հիմնավորված»,- նշեց նա:

Մուրազին ընդգծեց նաև՝ քանի որ այդ քվերակությանը մասնակցել են մյուս խմբակցությունների անդամները, իրենք պարզաբանում են խնդրել նաև այդ խմբակցություններից: «Մենք նամակներ ենք ուղարկել նաև այդ խմբակցությունների ղեկավարներին: Հիմա մեզ համար պարզ կդառնա, թե ովքեր են կողմ քվերակել, ովքեր՝ դեմ: Մենք բոլոր խմբակցություններից պահանջել ենք, որպեսզի դեպքի հետ կապված՝ իրենց առանձին մեկնաբանությունը տան:  Պետք է, որ այդ նամակներն արդեն ստացած լինեն: Հիմա կսպասենք նաև նրանց պատասխաններին, ու ըստ այդմ կորոշենք մեր հետագա անելքները»,- ասաց նա՝ շարունակելով, որ թեև այդ դիմումն արդեն կարճվել է, բայց իրենց համար կարևորն այն էր, որ այս մասին բարձրաձայնվեց:

«Մենք սրանով նախ կարողացանք մեր իրավունքները պաշտպանել, իսկ երկրորդը՝ Մ. Բադեյանին մենք արժանի պատասխան տվեցինք: Ու թեև ԱԺ էթիկայի հանձնաժողովը ընդունեց նման որոշում, մենք արդեն փաստերով կարող ենք ասել, որ նման դեպք է տեղի ունեցել»,- հավելեց նա:

ԱԺ էթիկայի հանձնաժողովը կարճեց Մ. Բադեյանի վերաբերյալ եզդիների դիմումը