.jpg)
Նարինե Պետրոսյան. Գտա իդեալական տարբերակը՝ ընտանիքի և կարիերայի համադրումը
Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ:

-«Վերջին ծաղրածուն» ներկայացման մեջ վերջերս հանդես եկաք բոլորովին նոր դերում. ինչպիսի՞ն է այդ կերպարը, ո՞րն է նրա առաքելությունը:
-Վերջին ծաղրածուն ներկայացման մեջ կերտած իմ դերը շատ եմ սիրում: Խաղում եմ մի երիտասարդ աղջնակի՝ ավյունով լի, խենթ ու խելառ, որն ուրիշներին ստիպում է ապրել: Այս կերպարի մեջ երիտասարադական, մի թարմ բան կա: Ինձ համար այդ ներկայացման մեջ ամենակարևորը հայրերի և որդիների պրոբլեմն է, նաև այն մեսիջը, որի միջոցով ասվում է՝ ժողովուրդ, ուշադիր եղեք, կյանքը կարճ է, ու ամեն հնարավորություն իրար հետ շփվելու պետք է գնահատեք ու կյանքի ամեն վայրկյանը վայելեք:
-Որպես դերասանուհի Ձեր պատկերացրած ձեռբերումների քանի՞ տոկոսն եք հասցրել ունենալ. իսկ ի՞նչ նպատակներ կան, որոնք դեռ չեն իրականացել:
-Տոկոսային առումով կդժվարանամ ասել: Իհարկե, իմ պատկերացմամբ ես շատ ավելին կարող էի անել, բայց այդ դեպքում պետք է ընտանիք չկազմեի: Առհասարակ, Հայաստանում շատ հնարավորություններ չկան երկրի ներսում մասնագիտական առաջընթաց գրանցելու համար: Ես էլ գտա իդեալական տարբերակը՝ ընտանիքի և կարիերայի համադրումը: Հիմա էլ, իհարկե, ծրագրեր շատ կան, ցանկալի է, որ աշխատանքին վերաբերող հիմնական նպատակս իրականացվի երկրի սահմաններից դուրս: Հիմա Հայաստանում սերիալները, ֆիլմերը փակուղի են ընկել, անհրաժեշտ է, որ դրանք նոր թափ պետք է առնեն, հույս ունեմ, որ նոր կյանք կառնեն նաև գեղարվեստական ֆիլմերը:
-Ի՞նչ կարծիք ունեիք դերասանական արվեստի մասին մինչև բուն դերասանությամբ զբաղվելը և ի՞նչ կարծիք ունեցաք դրանից հետո:
-Մինչև այդ ասպարեզի մասին ուրիշ պատկերացումներ ունեի, արդեն ինտիտուտի տարիներին հասկացա, թե որն է իմ այն բարձր կետը, որին կարող եմ այս երկրում հասնել, պատկերացումներս ավելի ռեալ դարձան: Մինչև այդ, օրինակ, պատկերացումներ էի,որ ամենօրյա ֆոտոսեսիաների մեջ եմ լինելու, բայց հետո հասկացա, որ այդպես լինում է, երբ դու որպես մասնագետ որակ ես ներկայացնում:

-Թատրոնում ձեր կերտած ամենահոգեհարազատ դերը ո՞րն է, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ամենահարազատը, թերևս, առաջին ուսանողական ներկայացումներից «Իմ մահը» ներկայացման մեջ այրի կնոջ կերպարն էր: Ամեն դեպքում սրան ես ամբողջությամբ նվիրվել էի, նրանով ապրում էի: Այն այսօրվա ներկայացում էր:
-Եղե՞լ է մեկը, ում այս ոլորտում համարում եք ձեր ուսուցիչը, իսկ հիմա ումի՞ց եք սովորում:
-Միանշանակ, այդպիսի ուսուցիչ ինձ համար եղել է Արմեն Մազմանյանը: Հիմա էլ ամեն մասնագիտական քայլ անելուց առաջ մտովի իր հետ խոսում եմ: Նա թե´ որպես մարդկային տեսակ, թե´ քաղաքացի, թե´ ուսուցիչ մեծ նշանակություն է ունեցել ինձ համար: Շատ գնահատում եմ նաև Արմեն Խանդիկյանի խորհուրդները, նա իսկապես պրոֆեսիոնալ է: Թե անձնական թե մասնագիտական իմաստուն խորհուրդներ է տալիս նաև Հրաչյա Հարությունյանը:
-Այսօրվա թատրոնի առաքելությունը ո՞րն է, այն որոշ առումով փոփոխության ենթարկվե՞լ է:
-Կարծում եմ՝ թատրոնի առաքելությունը միշտ նույնն է եղել: Յուրաքանչյուր մարդ թատրոնից ակնկալում է ստանալ լավ հոգևոր սնունդ, հոգևոր բավարարվածություն: Եղել են ներկայացումներ, որինքս արտասվել եմ դրանցում առկա գեղագիտությունից, արվեստի մակարդակից, մի խոսքով, թատրոնի առաքելությունը մարդկանց հոգևոր բավարարություն պատճառելն է:
-Դուք հանրությանը հայտնի եք նաև սերիալներից. լավ սերիալ ունենալու համար հայաստանյան հեռուստաալիքներին ի՞նչ է հարկավոր, մենք այսօր որակյալ սերիալներ ունե՞նք:
-Պարզ է, որ անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ՝ լավ, հարուստ տեսարաններ ապահովելու համար: Իհարկե, անհրաժեշտ է նաև լավ դերասանական կազմ. ոչ թե փողոցից գտնված անհասականալի դեմքեր: Այս պահին չեմ կարող ասել, որ որակյալ սերիալներ ունենք, բայց հիշում ե, որ եղել են այդպիսի օրինակներ հենց այն պատճառով, որ դրանց վրա գումարներ են ծախսվել, պրոֆեսիոնալ դերասանական կազմ է եղել, ոչ թե փողոցից բերված շուն ու շանգյալներ:

-«Փրկագին» դետեկտիվում հանդես գալը կարծես նոր քայլ էր ձեզ համար. այս ժանրում ինքներդ ձեզ առաջին անգամ էիք փորձում, այո՞:
-Ես երազում եմ, որ ամեն տեղ, որտեղ հանդես եմ գալիս, բացարձակապես տարբեր լինեմ, որ սյուժեն թույլ տա այդ հնարավորությունը, մարդկային կյանքի նոր պատմություն ներկայացնելու հնարավորություն լինի:
-Էլի կնկարահանվե՞ք դետեկտիվում:
-Կախված է սցենարից:
-Գեղարվեստական ֆիլմերում հանդես գալու դեպքում առաջիկայում ձեզ ի՞նչ դերերում եք պատկերացնում: Դեռևս ֆիլմերում նկարահանվելու նոր առաջարկ չե՞ք ստացել:
-Գեղարվեստական ֆիլմերում նկարահանվել եմ դեռևս 18 տարեկանից՝ «Իմ մեծ հայկական հարսանիքը» ֆիլմում՝ Արմեն Ջիգարխանյանի հետ: Հիմա կան որոշ նոր առաջարկներ, բայց դրանք դեռ հստակ չեն, չէի ուզենա մանրամասնել:
-Երիտասարադ ընտանիք ունեք. շուտ ամուսնանալը դերասանուհու, առհասարակ, արվեստագետի համար խոչընդոտ չէ՞:
-Ես, թեև շուտ եմ ամուսնացել բայց այդ տարիքում էլ հասուն էի, պատրաստ էի այդ քայլին: Պարզապես գալիս է մի ժամանակ, երբ դու հասկանում ես, որ ուզում ես ընտանիք կազմել և ստիպված ես որոշ առումով ընտրություն կատարել:
-Խոսքը միայն կարիերային չի վերաբերում. չէ՞ որ արվեստագետներն անընդմեջ սիրահարվող տեսակներ են ...
-Կարծում եմ՝ դա ոչ այնքան մասնագիտությունից, որքան մարդու տեսակից է կախված: Ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր մասնագիտությամբ դերասան չեն, բայց նրանց անձնական կայնքերում այնպիսի բաներ են կատարվում, որ անգամ դերասանների կյանքերում նման բաներ չեն լինում:
-Ձեր բալիկների դաստիարակությամբ ո՞վ է հիմնականում զբաղվում, նրանցից որևէ մեկը ձեր գեները ժառանգե՞լ է:
-Հիմնականում ես եմ զբաղվում, մնացածը լկստվացնողների դերում են (ծիծաղում է), ու մեկ-մեկ ինձ թվում է՝ բոլորը սիրում են նրանց, իսկ ես այնքան խիստ եմ երեխաներիս հանդեպ: Փոքր բալիկս բնավորությամբ ավելի ակտիվ է, թե ինչ կլինի՝ ժամանակը ցույց կտա, համենայն դեպս չեմ փորձի ոչ խոչընդոտել նրանց որոշումներին, ոչ էլ արհեստականորեն տանել նրանց այդ ոլորտ: