.jpg)
«Ազգային Պատկերասրահ» 10-րդ փառատոն. Գաղտնիքը նորովի ներկայանալու մեջ է
Այս տարի լրանում է «Ազգային Պատկերասրահ» Միջազգային Երաժշտական փառատոնի 10-յակը: Փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս տարվա փառատոնի ծրագիրը լինելու է հագեցած և հետաքրքիր:
«Այս փառատոնը շարունակական է դարձել «ՎիվաՍել ՄՏՍ»-ի շնորհիվ, իսկ 2008 թ. այն պետական ուշադրության արժանացավ և ընդգրկվեց պետական ծրագրերի աջակցության շարքում: Այն, ինչպես և նախորդները, չի դավաճանել իր գաղափարին՝ կներկայանա նոր և բավականին հետաքրքիր ծրագրով, ինչը, կարծում եմ, պետք է յուրաքանչյուր փառատոնի լեյտմոտիվը լինի: Փառատոնի 6 համերգները կկազմակերպվեն Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում, ինչը նպատակ ունի ներկայացնել դասական երաժշտությունը նորովի՝ համադրելով գեղարվեստի հետ: Ուրախալի է, որ հանդիսատեսը 10 տարիների ընթացքում ոչ միայն նվազել է, այլև տարեցտարի ավելացել է երիտասարդ հանդիսատեսով»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ հոբելյանական այս տարին ունի ևս մեկ ուղղվածություն՝ կլինեն երաժշտական խաչմերուկներ:
«Ազգային պատկերասրահ 10 -րդ փառատոնի բացմանը՝ մայիսի 7-ին մեր հյուրը կլինի տաղանդավոր և աշխարհահռչակ մեցցո-սոպրանո Շվեյցարիայից Վարդուհի Խաչատրյանը: Մայիսի 10-ին ծրագրված է հայ-ավստրիական խաչմերուկներ համերգը, որին մասնակցելու համար Ավստրիայից 2 հայ, 2 այլազգի երգչուհի են ժամանելու Հայաստան: Այս փառատոնը հետաքրքիր միաձուլումն է տարբեր երաժշիտների և ազգությունների: Միխայլո Զախարով՝ ջութակ (Ուկրաինա/ Ավստրիա), Գայանե Միրզոյան՝ ալտ(Հայաստան/Ավստրիա), Ալեքսանդր Կարախանյան՝ թավջութակ (Հայաստան/Ավստրիա)
Լաիդա Ալբերդի՝ ջութակ (Իսպանիա)՝ իրենք բոլորը Ավստրիայում են ստեղծագործում, սակայն փառատոնին մասնակցելու համար կվերադառանան Հայաստան»,- ասաց նա:
Անդրադառնալով մայիսի 16-ին կայանալիք համերգին, նա ասաց, որ այն լինելու է փառատոնի պրեմիերան: «Մայիսի 16-ին փառատոնի շրջանակներում ելույթ կունենա «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Վահե Բեգոյանի գլխավորությամբ: Փառատոնը պետք է առաջին անգամ ներկայացնի այս երգչախումբը, չնայած տարբեր երկրներ հարյուրավոր երգչախմբեր ունեն, բայց որ մենք արդեն ունենք արական երգչախումբ, դրա մասին, կարծում եմ, պետք է բարձրաձայնել»,- ասաց նա:
Մայիսի 21-ի համերգը նվիրված է Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին: «Հակոբյանցը մեծ դեր ունի այս ասպարեզում՝ վոկալ երաժշտությունը Հայաստանում զարգացնելու առումով: Նա այն մարդն էր, որ եթե մի քնաի տեղ մշակութային միջոցառում էր լինում, բոլոր տեղերում հասցնում էր լինել և ուշադրության կենտրոնում պահել մեր հայ մշակույթը և այս 9 տարիների ընթացքում մեր փառատոնի կողքին է եղել, դրա համար էլ մայիսի 21-ի համերգը նվիրվելու է նրա հիշատակին»,-ասաց նա:
Մ. Շահինյանը նշեց, որ այս փառատոնի ընթացքում լինելու են նաև մի շարք այլազգի երաժշիտներ: «Մայիսի 27-ի համերգը կրելու է «Հայ-հրեական երաժշտական խաչմերուկներ» անվանումը: Համերգի հատուկ հյուրն է լինելու կոմպոզիտոր Վիլլի Վայները, ում ստեղծագործությունների ձայնասկավառակի շնորհանդեսը կլինի այդ օրը, ինչպես նաև նրա ստեղածագործություները կհնչեն համերգի առաջին բաժնում, իսկ մյուս բաժնում ելույթ կունենա դաշնակահար Հայկ Մելիքյանը»,- ասաց նա:
Հունիսի 3-ին՝ փառատոնի հանդիսավոր փակման արարողության համերգը կոչվում է «Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկներ», որովհետև լինելու են հատուկ հյուրեր Շվեյցարիայից: «Հունիսի 3-ի համերգի հատուկ հյուրը կլինի շվեյցարացի կոմպոզիտոր Ֆաբիան Մյուլլերը, ինչպես նաև թավջութակահար Պի-Չի Չիեն Շվեյցարիայից, և Սոնա Շաբոյանը, ով 20 տարի բնակվում է Ցյուրիխում»,- ասաց նա:
Անդրադառնալով փառատոնի ձեռքբերումներին՝ նա ասաց, որ այն, որ փառատոնը 10 տարեկան է, արդեն իսկ խոսում է նրա հաջողված լինելու մասին:
«Բացի այդ, մենք ամեն տարի մասնակիցների հարցում շատ հետաքրքիր ընտրության առջև ենք կանգնում, որևէ մեկին չենք ուզում մերժենք, բայց հնարավորություն չունենք, որ մասնակիցների և համերգների քանակը ավելի շատ լինի: Հիմա 10-րդ փառատոնն է, բայց կարող ենք մինչև 15 փառատոն ծրագրել: Սա համարում եմ մեր ամենակարևոր ձեռքբերումը, որ երաժիշտների կողմից էլ կա հետաքրքրություն փառատոնի նկատմամբ և այն տարեցտարի ավելանում է: Իսկ դրա գաղտնիքը այն է, որ փառատոնի ընթացքում որակյալ ծրագիր է հնչում, և բարձր պրոֆեսիոնլիզմ ունեցող երաժիշտներ են ելույթ ունենում»,-ասաց Մ. Շահինյանը:
Նախորդող հրապարակում՝ Մայիսի 7-ից հունիսի 3-ը կանցկացվի «Ազգային Պատկերասրահ» փառատոնը
«Ազգային պատկերասրահ» 9-րդ փառատոնի ընթացքում մի շարք անակնկալներ կլինեն